ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Եթե պատգամավորները կկարծեն, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կարծիքը խոչընդոտ է ընտրությանը, չեմ կարող որևէ կերպ ներազդել այդ ընտրության վրա․ Երվանդ Խունդկարյան

Եթե պատգամավորները կկարծեն, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կարծիքը խոչընդոտ է ընտրությանը, չեմ կարող որևէ կերպ ներազդել այդ ընտրության վրա․ Երվանդ Խունդկարյան

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացությանը ես ծանոթ չեմ և որևիցե կերպ չեմ կարող ծանոթ լինել, այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ Սահմանադրական դատարանի դատավորի թափուր պաշտոնի համար առաջադրված թեկնածու Երվանդ Խունդկարյանը, որը Վճռաբեկ դատարանի նախագահն է։

«Յուրաքանչյուր թեկնածու պետք է ներկայացնի բարեվարքության հարցաթերթիկ, որը իմ կողմից լրացվել է և ներկայացվել ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին։ Այդ եզրակացությունը, ըստ օրենքի, գաղտնի է ու տրամադրվում է ընտրություն կատարող անձանց՝ այսինքն՝ Ազգային ժողովի պատգամավորներին։ Ես ընդամենը կարող եմ տեղեկացված լինել այն հատվածի մասին, որը հրապարակված է եղել մամուլում։ Բայց մամուլում հրապարակված տեղեկությունը ինձ մոտ խիստ կասկածներ է առաջացնում՝ արդյոք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կարող էր նման որակի եզրակացություն հրապարակել»,- հայտարարեց Երվանդ Խունդկարյանը։

Հարցին, թե համաձայն չէ՞ ԿԿ հանձնաժողովի կարծիքի հետ, Խունդկարյանը պատասխանեց, որ ինքը հանձնաժողովի եզրակացությունը չի կարդացել։


Լրագրողները նկատեցին, որ մի քանի գործերով, որոնք քննվել են իր վարույթում, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը արձանագրել է անձի արդար դատաքննության իրավունքի խախտում, ինչն էլ իր եզրակացության մեջ արձանագրել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը և հարցին՝ ի՞նչ է կարծում թեկնածուն, դա չի՞ ազդի իր ընտրության վրա, ինչին թեկնածուն պատասխանեց․

«Ես չեմ կարող ասել՝ ինչպես կանդրադառնա, որովհետև այդ կարծիքը պատգամավորներին տրված կարծիք է, և դա պետք է ուղղորդի պատգամավորներին։ Եթե պատգամավորները կկարծեն, որ դա խոչընդոտ է ընտրությանը, չեմ կարող որևէ կերպ ներազդել այդ ընտրության վրա»։

  • Կիսվել: