ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Եթե նոր պատերազմ բռնկվի, ապա միջազգային հանրության լռությունը միայն կարող է խրախուսել Ադրբեջանի նման գործողությունները․ Հայրապետյան

Եթե նոր պատերազմ բռնկվի, ապա միջազգային հանրության լռությունը միայն կարող է խրախուսել Ադրբեջանի նման գործողությունները․ Հայրապետյան

Ցանկացած զարգացման դեպքում, եթե, Աստված մի արասցե, վաղը կամ մյուս օրը տարածաշրջանում նոր պատերազմ բռնկվի, որի հետևանքներն Ադրբեջանն առաջինն է կրելու իր վրա, ապա միջազգային հանրության լռությունը միայն կարող է խրախուսել Ադրբեջանի նման գործողությունները։ Այս մասին Ազգային ժողովի ճեպազրույցների ընթացքում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից հնչող պատերազմական հայտարարություններին։

Պատգամավորն ընդգծեց, որ վերջին շրջանում ակտիվացել են ռազմական, ուժի սպառնալիքին ուղղված կոչերը, որոնք հնչում են երկրի նախագահի, պաշտպանության նախարարի կողմից։

«Ես կարծում եմ՝ բոլոր ռիսկերով հանդերձ, սա ներքին գործընթացների արդյունք է և ներքին լսարանին ուղղված կոչեր են, քանի որ Ադրբեջանն անցել է կարանտինային խիստ ռեժիմի՝ դիմակների կրումը դարձել է պարտադիր, օրինախախտները տուգանվում են։ Հաշվի առնելով այդ իրավիճակը, ներքաղաքական որոշ  գործընթացներ՝ ես այս պահի դրույթյամբ չեմ կարծում, որ Ադրբեջանը նման արկածախնդրության կգնա։ Այդուհանդերձ, այս կոչերն անպատասխան չեն մնալու, ինչպես Ազգային ժողովի դահլիճից հայտարարել է մեր խմբակցության ղեկավարը, այնպես էլ մենք, Արտաքին գործերի նախարարության մեր գործընկերների հետ միասին աշխատում ենք այս ուղղությամբ, որպեսզի այդ կոչերը չմնան անարձագանք»,- ասաց պատգամավորը՝ նշելով, որ այդ ամենը համարժեք արձագանք է ստանում նաև Արտաքին գործերի նախարարության, Պաշտպանության նախարարության կողմից՝ համարժեք քայլերով։

  • Կիսվել: