ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Եթե դա համապատասխանում է իրականությանը, ապա դա համարում եմ  ուղղակի անբարո քայլ. Զոհրաբյան

Եթե դա համապատասխանում է իրականությանը, ապա դա համարում եմ  ուղղակի անբարո քայլ. Զոհրաբյան

«Ես հստակ տեղեկություններ չունեմ,  գիտեմ, որ «SOS» ռեժիմով բերման են ենթարկել բոլոր պատգամավորներին»,- այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝  պատասխանելով հարցին, թե սահմանադրական փոփոխությունների նախագիծը քննարկելու համար հրավիրված ԱԺ արտահերթ նիստին, ըստ մամուլում տեղ գտած հրապարակումների, մասնակցել են նաև կորոնավիրուսով վարակված պատգամավորներ։

Նա նշեց, որ  այդ երկու պատգամավորները, որոնց անունները նշվում են, նիստին մասնակցել են ձեռնոցներով. «Եթե դա համապատասխանում է իրականությանը, ապա դա համարում եմ  ուղղակի անբարո քայլ»։

Պատգամավորը նաև տեղեկացրեց, որ ինքը ևս կորոնավիրուսով վարակված ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանի հետ կոնտակտավոր է եղել, և կորոնավիրուսի թեստ է հանձնել, պատասխանը բացասական է։

Անդրադառնալով Սահմանադրական վերջին փոփոխությունների սահմանադրականության հարցը ՍԴ-ում վիճարկելուն՝  Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ ներկայացրել են դիմում և կսպասեն արձագանքին։

«Իրենք պետք է 20 օրում աշխատանքային նիստ հրավիրեն և ընթացակարգային կարգով քննարկեն՝ մեր դիմումը վարույթ ընդունում են թե ոչ: Մենք, բնականաբար, կսպասենք Սահմանադրական դատարանի որոշմանը»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Հարցին, թե ինչպես է վերաբերվում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կողմից ՍԴ նախագահի ժամանակավոր պաշտոնակատարին ներկայացնելուն, պատգամավորը նշեց, որ այդ մասին մեկնաբանություն պետք է տա ոչ թե ինքը, այլ Միրզոյանի մամուլի խոսնակը.

«Մեծագույն հարգանք ունենալով պարոն Միրզոյանի հանդեպ՝ ես նրա մամուլի խոսնակը չեմ: Եթե ինքը ասում է, որ ժամանակավոր պաշտոնակատար է և դրան հակադարձում է հենց ինքը՝ ժամանակավոր պաշտոնակատարը, կարծում եմ՝ էստեղ պարզաբանման խնդիր կա, բայց պարզաբանողը պետք է լինի պարոն Միրզոյանի մամուլի խոսնակը։Ես իր մամուլի ծառայությունում աշխատանքի չեմ անցել»:

 

  • Կիսվել: