չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Եթե չկարողացան բանակցություններով անկլավները փոխանակել, պարզ է՝ իրենք գալու են իրենց տարածքները, մենք էլ գնալու ենք մերը. Արծվաշենի համայնքապետ

Եթե չկարողացան բանակցություններով անկլավները փոխանակել, պարզ է՝ իրենք գալու են իրենց տարածքները, մենք էլ գնալու ենք մերը. Արծվաշենի համայնքապետ

Բանակցությունների ընթացքում, եթե կարողացան գալ հայտարարի և նորմալ փոխանակել՝ մեր զարկերակները կազատվեն, եթե չկարողացան՝ արդեն պարզ է, որ իրենք գալու են իրենց տարածքները, մենք էլ գնալու ենք մերը, Aysor.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց 1992 թ.-ից Արծվաշենի համայնքապետ Մամիկոն Խեչոյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի՝ «ադրբեջանական 8 անկլավները» վերադարձնելու հայտարարությանը։

«Նրանք չեն կարող իրենց անկլավներն ուզել ու մերը հետ չտան։ Մեր գյուղում ոչ մի ադրբեջանցի չի ապրել, չնայած որ շրջափակված է եղել 15 ադրբեջանական գյուղերով ու 40 000 բնակչությամբ։ Օրինակ՝ Ճամբարակում, Վարդենիսում բնակվել են, մերում ոչ մի օր չեն բնակվել ու մի գիշեր էլ չեն քնել», - ասաց նա։

Մամիկոն Խեչոյանը նշեց, որ 1992 թ.-ին, երբ հանձնվել է գյուղը՝ բնակչության թիվը եղել է 2 800։ «Այսօր բնակչության 70 տոկոսը Ճամբարակում է, հետո Դրախտիկում՝ շուրջ 10 տոկոս, 5 տոկոս՝ Շորժայում, և այլն», - ասաց նա։

Հնարավոր վերադառնալու հարցը համայնքի ղեկավարը մի քանի գործոնով է պայմանավորում՝ առաջնահերթ նշելով անվտանգության երաշխիքը և ապա՝ կեցության պայմանները։

«Գյուղը հիմա հիմնահատակ քանդված է ու եթե վերադարձի տարբերակ լինի, պետության աջակցությունը պետք է լինի տները սարքելու, բայց դրանից առաջ պետք է նախ լինեն անվտանգության երաշխիքներ. 150 տարի ո՞նց ենք ապրել՝ նորմալ, սովորական, որովհետև եղել է անվտանգ», - ասաց նա։

Խեչոյանը հավելեց, որ դրանով հանդերձ՝ առանց խաղաղության փաստաթղթի, Թուրքիայի ու Ադրբեջանի հարևանությամբ ոչ միայն Արծվաշենում չի լինի անվտանգության երաշխիք, այլ նաև Հայաստանում։ «Նրանց ռազմական բյուջեն 27 անգամ մեծ է Հայաստանի բյուջեից ու եթե թողնեն՝ ասեն, կռվով կամ զինվորով պահեք ձեր սահմանները, դա ռեալ չի, միայն խաղաղ համակեցության պայմաններ ստեղծելով է հնարավոր և՛ Հայաստանում ապրել, և՛ Ղարաբաղում, և՛ Արծվաշենում», - ասաց նա։

Դիտարկմանը, թե չի՞ կարծում արդյոք, որ անկլավների հարցն ուղղակի պատրվակ կարող է լինել Ադրբեջանի կողմից նոր ագրեսիայի համար՝ Մամիկոն Խեչոյանն արձագանքեց. «Չէ, ինչու, իր սահմանները ինչու չպետք է ուզի, մանավանդ, որ այս պահին ուժեղ է ու Հայաստանը թույլ է։ Եթե չբնակեցնի էլ ու ամայի էլ մնա, ո՞վ իր հողը կթողնի»։

Տարածքների փոխանակումը նա միայն մեկ տարբերակով է համարում հանարավոր, եթե մեծ պետությունները խառնվեն. «Հա, դե մենք առաջարկում ենք, բայց Արծվաշենը 46 քռ կմ է, իսկ իրենց անկլավները՝ 10 000... դե հիմա ինչ փոխանակում կանեն, ոնց կանեն, դա բանակցային գործընթացի ընթացքում կտեսնենք։ Իսկ եթե նրանք «չորով դնեն», ասեն՝ մեր հողերը տվեք ու վերջ, ՀՀ-ն չի կարող ընդդիմանալ, դա կարող են մեծ խաղացողները՝ Ռուսատանը կամ այլ պետություն ասի՝ դուք իրար մեջ չեք կարող ապրել, փոխանակեք, պրծեք», - նշեց նա։

  • Կիսվել: