կիրակի, հունիս 2
2 / 6 / 2024
Ես ղազագիր ստորագրող տղու նմա՞ն եմ. Գեւորգ Պետրոսյան

Ես ղազագիր ստորագրող տղու նմա՞ն եմ. Գեւորգ Պետրոսյան

Ես այսուհետ ավելի անկաշկանդ պետք է գործեմ եւ կուսակցական զսպաշապիկը ինձ խանգարել է ավելի անկախ լինել: Այս մասին այսօր ընդդիմության կազմակերպած անհնազանդության ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցությունը լքած պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը:

Նա չցանկացավ պատասխանել հարցին, թե արդյոք ԲՀԿ-ին իրական ընդդիմություն չէր համարում, դրա համա՞ր դուրս եկավ. ՛՛Ես ներքին խոհանոցը հրապարակելու սովորություն չունեմ: Ես ընդամենը ասում եմ՝ ես ավելի ըմբոստ, ավելի ակտիվ մարդ եմ, եւ քանի որ իմ ըմբոստությունը որակվել է որպես կուսակցության դեմ ավելորդ թշնամանքի մթնոլորտի հարուցման առիթ, ես կուսակցությանն ազատել եմ այդ առիթից:

Կուսակցական լինելն ինձ համար որոշակի առումով զսպաշապիկ է եղել, որպեսզի կարողանամ ավելին անել քան արել եմ: Պարոն Ծառուկյանի հետ իմ հարաբերությունները նորմալ են, ես շարունակում եմ հարգել իրեն, իր ընտանիքը:

Պետրոսյանի խոսքով՝ իր ակտիվությունը ԲՀԿ-ի որոշ անդամների կողմից որակվել է որպես ավելորդ: ՛՛Մտածելով, որ իմ ավելորդ ակտիվությունը կուսակցությանը կարող է վնաս բերել՝ ես ազատել եմ կուսակցությանն այդ հոգսից: Ես ոչ մեկի հետ չեմ համաձայնեցրել իմ քայլը: Ես կարիք չունեի որեւէ մեկի հետ համաձայնեցնելու:

Ժողովրդի մոտ կարծիք կար ձեւավորված, որ Գեւորգ Պետրոսյանը ծառայություն է մատուցում, ղազագիր է ստորագրել: Ես ղազագիր ստորագրող տղու նմա՞ն եմ: Ես ցույց տվեցի, որ ես ոչ մի պարտավարություն չունեմ: Ինձ ասում են՝ կարմիր գիծ ես անցել: Թող իրենք իրենց երկնագույն գծերի մասին մտածեն, լավ եմ արել, անցել եմ էդ կարմիր գիծը՛՛:

  • Կիսվել: