հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Ես 2012-ին ասել եմ՝ միակ ուժը, որ կարող է Սերժ Սարգսյանի դեմ պայքարել, դա Ծառուկյանն է. Ալեն Սիմոնյան

Ես 2012-ին ասել եմ՝ միակ ուժը, որ կարող է Սերժ Սարգսյանի դեմ պայքարել, դա Ծառուկյանն է. Ալեն Սիմոնյան

Հաշվի առնելով, որ գործընթացն իրավական է, շռայլություններ չեն եղել գնահատականների, եղել է անդրադարձ իմ կողմից` ԲՀԿ խմբակցության մեր գործընկերների հնչած մեղադրանքներին ի պատասխան։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն՝ անդրադառնալով ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի շուրջ տեղի ունեցող զարգացումներին և իշխող ուժի լռությանը։

Ինչ վերաբերում է անհամաչափ ուժ կիրառելուն, նա նշեց, որ ինքը տեսել է՝ ինչպես են մի քանի պատգամավորով փողոց փակում, և ոստիկանները խնդրելով, համոզելով, ինչպես նաև գրկելով փորձել են փողոցը ազատել:

«Ես չգիտեմ, անհամաչափ ուժն այն ժամանակ էր, երբ մեզ ջրցան մեքենաներով և մահակներով ծեծում էին, և ԲՀԿ անդամներն այդ ժամանակ լռում էին և չէին մասնակցում: Այ դա անհամաչափ ուժ էր։ Դա  «Էլեկտրիկ Երևանի» ժամանակ էր, այն ժամանակ էր, երբ որ Սերժ Սարգսյանն էր այստեղ ընտրվում։ Այ դա անհամաչափ ուժ էր, երբ որ ես վիրավորվեցի, ընկա հիվանդանոց: Երեկ ուղղակի ոստիկանները փողոց են բացել։ Ես չգիտեմ, էլ ո՞նց պետք է փողոց բացեին, երեկ կադրերով տեսանք, որ մեծ բիլակներով թիկնապահներին, մեծ բիլակներով մարդկանց նույնիսկ մի քանի ոստիկաններով չէին կարողանում բերման ենթարկել: Այ դրա մասին է պետք խոսել»,- նշեց Ալեն Սիմոնյանը:

Դիտարկմանը, թե իր գործընկեր կանանց գետնին փռելով տանում էին՝ ԱԺ փոխխոսնակն արձագանքեց.

«Ես գետնին փռելով տանել չեմ տեսել: Ես տեսել եմ, որ փողոցը փակ էր ու այն պետք է բացվեր: Վերջիվերջո ես չեմ պատկերացնում՝ ո՞նց կարելի էր փողոցը բացել, երբ պատգամավոր կար, եթե ոչ իրենց վերցնելով, առանց հարվածելու՝ ազատել: Ես ասացի՝ անհամաչափ ուժի կիրառման օրինակները, երբ ԲՀԿ-ի նույն պատգամավորները լռել են ու դա շարունակվել է տասնամյակներ: Այ դա է եղել անհամաչափ ուժ, երբ քաղբանտարկյալներ են եղել, երբ որ մարդուն տոնածառի համար դատել են, իսկ իրենք լռել են»:

Անդրադառնալով ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի գրառմանը, որ կա քաղաքական որոշում՝ Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու ու ձերբակալելու, Ալեն Սիմոնյանն ասաց, որ ՀՀ իշխանությունը որևէ մեկին ձերբակալելու քաղաքական որոշում չի կայացնում, ինչպես չի կարող կայացնել որոշում կազմակերպություններից մեկի օգտին 30 մլրդ դրամ պետբյուջեից պահել, ինչպես չի կարող որոշում կայացնել գումար բաժանելու ընտրությունների ընթացքում։

«Նաիրա Զոհրաբյանը, ես կարծում եմ, ավելի զուսպ պետք է լինի, որովհետև գործընթացի ընթացքում կարող է տարբեր ինֆորմացիաներ դուրս գալ նաև տիկին Զոհրաբյանին վերաբերվող: Կարծում եմ, տիկին Զոհրաբյանը և մյուս գործընկերները պետք է զուսպ լինեն իրենց գնահատականների մեջ»,- ընդգծեց նա՝ հավելելով, որ երբեմն գնահատականներ են հնչում, որից հետո այլ բան է պարզվում և գործընկները հայտնվում են ծիծաղելի վիճակում։

Ըստ Ալեն Սիմոնյանի, Գագիկ Ծառուկյանը կարծում է, որ կարող է քրեական գործերից պատսպարվել քաղաքականությամբ, մինչդեռ նշված քրգործերը Ծառուկյանի հայտարարության օրը չեն հարուցվել, շատ ավելի շուտ են եղել:

Դիտարկմանը, թե Գագիկ Ծառուկյանը հայտարարեց՝ սա քաղաքական հետապնդում չէր համարի, եթե իր հայտարարությունից առաջ լիներ դա, իսկ հիմա այլևս հետ չի կանգնելու, Ալեն Սիմոնյանն արձագանքեց. «Իհարկե, հետ չի կանգնելու,որովհետև հետ կանգնելու տեղ չկա: Ի՞նչ է նշանակում հետ չեմ կանգնելու, հետ կանգնել նշանակում է սակարկել իշխանության հետ ու դա դառնում է քաղաքական գործընթաց, ինչի՞ց հետ չի կանգնելու: Իսկ իրեն ո՞վ է խանգարել, որ հետ կանգնի, քրեական գործ է, պետք է շարունակվի, քաղաքական առումով, եթե գտնում է, որ պետք է պայքարի՝ թող պայքարի»:

Լրագրողները նաև հայտնեցին, որ երեկվանից համացանցում լայն տարածվում է Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ տեսանյութ, որտեղ նա բարձր է գնահատում Գագիկ Ծառուկյանի քաղաքական գործունեությունը, ինչին ի պատասխան ԱԺ փոխխոսնակն ասաց, որ դա 2012 թվականի հոլովակ է, որը տարածում են մի քանի ԲՀԿ-ական ֆեյքեր։

Նրա խոսքով՝ այդ հոլովակում ինքը հայտնում է, որ այդ ժամանակաշրջանում միակ ուժը, որ կարող է պայքարել Սերժ Սարգսյանի հետ, Գագիկ Ծառուկյանն է։

«Եթե դուք դա համարում եք համակրանք, ապա իմ և ձեր խոսակցությունը նույնպես կարելի է համարել համակրանք, որ ես համակրում եմ ձեր հեռուստաընկերությանը»,- ասաց Ալեն Սիմոնյանը։

Ըստ նրա, ինքը հիմա էլ կարող է ասել՝ եթե 2012 թվականին Գագիկ Ծառուկյանը որոշեր, որ կարող է Սերժ Սարգսյանի դեմ դուրս գալ, կարող էր իր համակարգով դա անել:

Ալեն Սիմոնյանը լրագրողին նաև հարցրեց, թե արդյոք այս փաստի արձանագրումը համարո՞ւմ են համակրանք։ «Ես հասկանում եմ, որ փառասիրությունն այդ համակարգում առաջնային է, բայց իրենք ինքնախաբեությամբ են զբաղվում»,- ասաց Ալեն Սիմոնյանը։

Հարցին, թե արդյոք նմանություն չկա՞ ՀՀԿ-ի և այսօրվա իշխանության գործողությունների միջև, ԱԺ փոխխոսնակը տվեց բացասական պատասխան։

Նրա խոսքով՝ այս գործողությունները քաղաքական ենթատեքստ չունեն, և ինքը, լինելով իշխող ուժի ներկայացուցիչ, Գագիկ Ծառուկյանի տանն անցկացվող խուզարկությունների մասին իմացել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանի տեսանյութից։

«Այսինքն՝ մենք խորհրդի նիստ, վիրավորական արտահայտություններ, հիստերիկություն չենք արել, ինչպես ժամանակին անում էին Ծառուկյանի նախկին և հետագա գործընկերները։ Կա իրավական գործընթաց, որը շարունակվում է և շարունակվելու է»,- նշեց նա։

  • Կիսվել: