շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Երկրում առկա իրավիճակի ֆոնին Երեւանի ընտրություններին ոչ ակտիվ մասնակցությունը բնական էր. Ավինյան

Երկրում առկա իրավիճակի ֆոնին Երեւանի ընտրություններին ոչ ակտիվ մասնակցությունը բնական էր. Ավինյան

Երեւանի բոլոր վարչական շրջաններում ՔՊ-ն ստացել է ամենաշատ ձայները՝ համեմատած բոլոր մյուս ուժերի հետ: Այս մասին այսօր մամուլի ասուլիսում հայտարարեց քիչ առաջ Երեւանի քաղաքապետ ընտրված Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ երեւանցիներն, ըստ էության, բոյկոտեցին Երեւանի ավագանու ընտրությունները, որին մասնակցեց ընտրողների մոտ 28 տոկոսը:

«Այն, ինչ հիմա տեղի է ունենում պառլամենտական երկրի ինստիտուտների զարգացման ճանապարհին եւս մեկ քայլ է: Պառլամենտական երկրի սկզբունքը հենց նմանատիպ համագործակցության արդյունքում իրականացվող կառավարումը, որն այս դեպքում մեզ պատվիրակել են երեւանցիները: Այն երեւանցիները, որոնք չեն մասնակցել ընտրություններին, նրանց նույնպես պետք է լսել: Կարծում եմ՝ հաշվի առնելով երկրում եղած իրավիճակը, ԼՂ-ում տեղի ունեցող իրադարձությունները, սահմանային լարումները, այս ընտրություններին ոչ ակտիվ մասնակցությունը եւս բնական էր»,-ասաց Ավինյանը:

Իր հերթին Երեւանի ավագանու «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Արտակ Զեյնալյանը նշեց, որ Երեւանի ավագանու ընտրությունները կայացած են, դրանց արդյունքները ճանաչված եւ լեգիտիմ են, ոչ ոք չի վիճարկել այդ արդյունքները:

Նա չհամաձայնեց, որ ընտրություններին չմասնակցած քաղաքացիները բոյկոտել են ընտրությունները. «Ոչ, այդպես չէ, ժամանակակից ժողովրդավարական հասարակարգում ընտրություններին չմասնակցող մարդիկ պատվիրակում են իրենց փոխարեն ընտրել նրանց, որոնք գնում են ընտրությունների»:

  • Կիսվել: