շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Պարո'ն Բեգոյան, մի փոքր զգույշ խոսեք, հեսա կպարզվի էդ քոլիկներում դարերով ընտանիքներ են ապրել. Ավինյան

Պարո'ն Բեգոյան, մի փոքր զգույշ խոսեք, հեսա կպարզվի էդ քոլիկներում դարերով ընտանիքներ են ապրել. Ավինյան

Նոր Նորք վարչական շրջանում ուսումնասիրվել է 50 հա տարածք: Այս մասին այսօր՝ փետրվարի 26-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցեց  «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը։

Նրա խոսքով, ուսումնասիրության արդյունքում ձեռք են բերվել կադաստրային քարտեզները եւ տեղեկատվություն գրանցված իրավունքների վերաբերյալ. «Պարզ է դարձել, որ 5 հա տարածքը տրամադվել է Երևանի կենդանաբանական այգուն, իր տարածքների ընդլայնման համար: Այդ տարածքում առնվազն 36 հա տարածք համարվում է համայնքային սեփականություն և ըստ Երևանի գլխավոր հատակագծի ներառված է կանաչապատման ենթակա տարածքների ցանկում։

Նշված 36 հեկտար տարածքում հայտնաբերվել են մի քանի տասնյակ ինքնակամ կառուցված շինություններ, այդ թվում բնակելի տներ, հասարակական շինություններ, ավտոտնակներ եւ այլ օժանդակ շինություններ: համայնքային տարածքի մոտ 7 հեկտար տարածքն ինքնակամ կերպով սահմանազատված, ցանկապատված է: Ինքնակամ շինություններով զբաղեցված է այդ տտարածքի շուրջ 4 հեկտարը»,-հայտնեց Բեգոյանը։

Նա քարտեզի վրա ցույց տվեց այդ հատվածները՝ նշելով. «Գայի պողոտայի սկզբնամասում 1900 քմ տարածք, ըստ քաղաքի հատակագծի կանաչապատման ենթակա տարածք է, բայց անհասկանալի է, թե ինչպես է այդ հատվածը մասնավորեցվել: Դրա շարունակվող մասում, շուրջ 2 հեկտարի վրա մենք տեսնում ենք, որ առկա են ցանկապատված, փոքր կառուցված տնակներ: Այդ հատվածում ցանկապատված է շուրջ 10 տարածք, որոնցից 4-ում առկա են տնակներ: Այդ 4-ում ապրում են բնակիչներ, որոնցից մեկում ամբողջ ընտանիքով են ապրում եւ նրանց բնակության հարցը պետք է լուծվի»,-ասաց Բեգոյանը:

Տիգրան Ավինյանն արձագանքեց. «Պարո՛ն Բեգոյան, Ձեր այդ հայտարարությունից հետո կպարզվի, որ բոլորում ընտանիքներով դարերով ապրել են։ Մի փոքր զգույշ լինենք այդ հայտարարություններում, որովհետև խոսում ենք ինքնակամ շինությունների մասին, համայնքից զավթված հողերի մասին, խոսում ենք կանաչ տարածքում այս քոլիկների մասին, որոնք անընդունելի են: Սոցիալական ծրագրերը հետո կքննարկենք»:

Բեգոյանն էլ հավելեց, որ այդ 26 հա հատվածում քաղաքային անտառի հիմնումը խիստ կարևոր է Երևանի օդի մաքրության համար և այնտեղ նախատեսվում է իրականացնել քաղաքային ուրբան անտառի հիմնում։ «Այդտեղ ջուր չկա, կազմակերպությունը այդ տարածքների ազատումից հետո պատրաստ է իրականացնել ոռոգման ջրի անցկացում, սանիտարական էտ իրականացնել, տարածքը այս տարի պատրաստել, իսկ հաջորդ տարի իրականացնել քաղաքային ուրբան անտառի հիմնում»,-ասաց Բեգոյանը:

Տիգրան Ավինյանը հանձնարարեց այդ 26 հա տարածքից մեկ շաբաթվա ընթացքում վերացնել բոլոր «քոլիկները»։

«Տասնամյակներով Երևանում կորցրել ենք ահռելի ծավալով կանաչապատ տարածք։ Տարբեր հիմնավորումներով ու արդարացումներով վերջ չի դրվել կանաչապատ տարածքների հաշվին անկանոն կառուցապատմանը։ Արդեն 1-2 տարի է, որ վերջ է տրվում այդ տրամաբանությանը։ Երևանից, մասնավորապես՝ կանաչ տարածքներից զավթված հողը նույնպես գողություն է»,-հայտարարեց Տիգրան Ավինյանը:

  • Կիսվել: