Երեկվա իմ ելույթով մենք ճանապարհ ենք բացում Հայաստանի և Արցախի պետականությունը պահպանելու համար․ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գնահատեց ապրիլի 13-ին Ազգային ժողովում Կառավարության ծրագրի կատարման ընթացքը և արդյունքները ներկայացնելիս հնչեցրած իր հայտարարությունները և որոշ պարզաբանումներ ներկայացրեց։
«Այդ ելույթով մենք տարածություն բացեցինք Հայաստանի Հանրապետության և Արցախի համար, որովհետև նախորդ շրջանի բանակցային ողջ գործընթացով Հայաստանը և Արցախը զրկվել էին քաղաքական, դիվանագիտական տարածությունից։ Մենք ճանապարհ ենք բացում Հայաստանի և Արցախի պետականությունը պահպանելու համար»,- Ազգային ժողովում եզրափակիչ ելույթի ժամանակ ընդգծեց Փաշինյանը։
Վարչապետի տպավորությամբ որոշ մարդիկ երազում են, որ Ղարաբաղի ժողովուրդը օր առաջ դուրս գա։
Վարչապետը շեշտեց, որ պատերազմում զինծառայողները դրա համար են զոհվել, որպեսզի հեռանկար բացվի Ղարաբաղի և Հայաստանի համար։
«Մենք ճանապարհ ենք բացել, որպեսզի մեր ժողովրդին մատաղացու գառան կարգավիճակից դուրս բերենք»,- ընդգծեց Փաշինյանը։