կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Էրդողանը Հայոց ցեղասպանության պատմություն ունեցող երկրից պարծենում է Իսրայելի դեմ անհիմն մեղադրանքներով. Կաց

Էրդողանը Հայոց ցեղասպանության պատմություն ունեցող երկրից պարծենում է Իսրայելի դեմ անհիմն մեղադրանքներով. Կաց

Գազայի հատվածում ռազմական գործողության համատեքստում Իսրայելի դեմ Թուրքիայի կշտամբանքները հիմք չունեն, Անկարան պետք է հիշի հայերի և քրդերի ճակատագիրը։ Այս մասին հայտարարել է Իսրայելի ԱԳ նախարար Իսրայել Կացը՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Իսրայելի հասցեին հնչեցրած քննադատությունից հետո:

Կացն իր թվիթերյան էջում, մասնավորապես, նշել է. ՛՛Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը՝ Հայոց ցեղասպանության պատմություն ունեցող երկրից, այժմ պարծենում է Իսրայելի դեմ անհիմն մեղադրանքներով: Մենք հիշում ենք հայերին, քրդերին: Ձեր պատմությունը խոսում է իր մասին: Իսրայելը պաշտպանում է իրեն, ոչ թե ոչնչացնում՝ պայքարելով ձեր բարբարոս դաշնակիցների դեմ՛՛:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Էրդողանը հույս էր հայտնել, որ ՄԱԿ-ի Միջազգային դատարանը կդատապարտի Իսրայելին՝ Գազայի հատվածում իր գործողությունների համար, որոնք, նրա խոսքով, բնորոշ են ռազմական հանցագործություններին:

Հավելենք նաև, որ Հաագայի միջազգային դատարան Իսրայելի դեմ հայց է ներկայացրել Հարավաֆրիկյան Հանրապետությունը՝ կապված Իսրայելի կողմից Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիայի հնարավոր խախտման հետ:

Իսրայելական կողմը հերքել է այդ մեղադրանքները՝ Հարավային Աֆրիկայի դիրքորոշումն անվանելով երկերեսանի, և խնդրել է լսումների ժամանակ դադարեցնել գործի քննությունը։

  • Կիսվել: