ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ԵԱՏՄ-ն պետք է արագացնի տրանսպորտային միջանցքների համար ենթակառուցվածքների ստեղծումը․ ՌԴ վարչապետ

ԵԱՏՄ-ն պետք է արագացնի տրանսպորտային միջանցքների համար ենթակառուցվածքների ստեղծումը․ ՌԴ վարչապետ

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ երկրները պետք է արագացնեն պատժամիջոցների ներքո նոր տրանսպորտային միջանցքների համար ենթակառուցվածքների ստեղծումը: Այս մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը։

«Անբարյացակամ երկրների պատժամիջոցային քաղաքականությունը հանգեցրել է ամբողջ աշխարհում լոգիստիկ և առևտրային շղթաների խաթարմանը: Սա նոր մարտահրավերներ է ստեղծում մեզ համար»,- նշել է Միշուստինը։

Նա ընդգծել է, որ «այժմ կարեւոր է արագացնել ենթակառուցվածքների զարգացումը, որոնք կդառնան Արեւելք-Արեւմուտք եւ Հյուսիս-Հարավ ուղղություններով միջազգային տրանսպորտային միջանցքների մաս»։

Միշուստինը նշել է, որ այդ աշխատանքը, ի թիվս այլ բաների, պետք է ընթանա չինական «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակում, որի մասին խոսել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Միության ներսում ապրանքների ազատ տեղաշարժը, ներքին մաքսային սահմանների բացակայությունը, տրանսպորտի ոլորտում ինտեգրումը և մեր լավ զարգացած ենթակառուցվածքը կարող են դառնալ տարանցման համաշխարհային մրցակցության հիմնական առավելությունները», - ասաց Միշուստինը:

  • Կիսվել: