Ձեր ձայնը դառնալով՝ հռչակել եմ այն պահանջը, որ կառավարության ներկա ղեկավարը պետք է հրաժարվի. Բագրատ Սրբազան
Այսօր Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ Բագրատ Սրբազանն ասաց, որ երեկ ինքը, հայտարարելով, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա, բանաձևել է ժողովրդի պահանջը։
Նա, մասնավորապես, նշեց. «Ձեր ձայնը դառնալով՝ հռչակել եմ այն պահանջը, որ կառավարության ներկա ղեկավարը պետք է հրաժարվի։ Դա ձե՛ր պահանջն է եղել։ Մեզ ոմանք ասում են՝ անհաղթահարելի պահանջ եք դրել։ Ո՛չ, անհաղթահարելի պահանջ չենք դրել, մենք նշաձողն ենք սահմանել, այս ժողովրդի ցանկությունը, պահանջն է դա։
Հայաստան աշխարհում պիտի սահմանվի, որ այս կառավարության ղեկավարն այլևս անընդունելի է։ Հոգևոր և բարոյական դաշտում իրենք՝ որպես այդպիսին, այլևս գոյություն չունեն, և բոլորդ այդ մերժման պրոցեսի մեջ պիտի լինեք՝ ոչ միայն սոսկ նրա (Փաշինյանի-խմբ․), այլև ձեր բոլոր կապերը կտրելու բոլոր նրանց հետ, ովքեր այդ չարժեքային համակարգի մեջ են ապրում։ Սա հստակ գործողություն է, շատ հստակ գործողություն։ Բոլոր առումներով կապակցվածությունը նրանց հետ պետք է բացառվի։ Նրանք պետք է զգան, որ ընդունելի չեն»,-ասաց Բագրատ Սրբազանը։