ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Դոնբաս, Կոսովո, Ղարաբաղ. Լավրովը զուգահեռներ է անցկացնում

Դոնբաս, Կոսովո, Ղարաբաղ. Լավրովը զուգահեռներ է անցկացնում

Մեծ հաշվով՝ Ռուսաստանն աջակցում է այն դիրքորոշումը, որը հայտնեց Նիկոլ Փաշինյանը ժամանակին՝ ընդգծելով, որ ելնում է նրանից, որ ԼՂ բնակիչների անվտանգության երաշխիքների հարցերը, նրանց իրավունքների ապահովումը պետք է որոշվեն Ղարաբաղի ու Բաքվի ներկայացուցիչների միջև: Այս մասին այսօր Մոսկվայում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ խոսելով ՌԴ-ի կողմից ԼՂ բնակչության անվտանգության երաշխիքների հնարավորության մասին:

՛՛Մենք կողմերին դրան ենք մղում, դրանով հետաքրքրված է նաև Հայաստանը, անխոս, մեզ համար կարևոր է հասկանալ, թե որքանով որակով կլինեն այդ պայմանավորվածությունները:

Եթե ցանկանում եք իմանալ իմ կարծիքը, կան օրինակներ՝ վերջերս արձանագրված պատմություններ, դրա մասին է խոսք գնացել Մինսկի պայմանավորվածություններում, այն մասին, թե ինչպիսի իրավունքներ պետք է լինեն Ուկրաինայի Արևելյան հատվածում այդ պայմանավորվածությունների համապատասխան՝ մայրենի լեզվի իրավունք, երեխաներին այդ լեզուն սովորեցնելու իրավունք, ապրել, աշխատել՝ օգտագործելով այդ լեզուն, պահպանել սեփական մշակույթը, պահպանել սեփական կրոնը, ունենալ ինքնակառավարման հնարավորություն և ունենալ հատուկ կապեր՝ տնտեսական, առևտրային, սեփական հայրենակիցների հետ:

Դոնբասի դեպքում դա Ռուսաստանն էր, մոտավորապես այդպիսի իրավունքներ դիտարկվում էին տասը տարի առաջ Բելգրադի ու Պրիշտինայի միջև ստորագրված՝ Կոսովոյի սերբական ինքնակառավարման մարմիններ ստեղծելու մասին համաձայնագրում՝ լեզու, ինքնակառավարում, կրթություն, մշակույթ, կրոն, տնտեսական բնույթի հատուկ հարաբերություններ Սերբիայի հետ: Ես կարծում եմ, որ ղարաբացիների համար մոտավորապես իրավունքների այսպիսի հավաքածու անհրաժեշտ կլինի:

Նման իրավիճակներում՝ ես թվարկեցի Դոնբաս, Կոսովո, Կոսովոյի սերբական շրջաններ, Ղարաբաղ… Հայաստանի, Ադրբեջանի ղեկավարների կողմից Ալմա Աթայի հռչակագրին հավատարմության հաստատմամբ այդ ամենն այդքան էլ բարդ չէ անելը, ինչպես թվում է՛՛,-նշեց նա:

Ըստ Լավրովի՝ ամեն ինչ կախված է լինելու նրանից, թե ՛՛որքան պարկեշտ կդրսևորեն իրենց նրանք, որոնցից կախված կլինեն այդ պայմանավորվածությունները՛՛:

  • Կիսվել: