հինգշաբթի, մայիս 30
30 / 5 / 2024
«Չեմ գնում, որ դա սադրանքի առիթ չդառնա». Ալեն Սիմոնյանը` Արցախ չայցելելու մասին

«Չեմ գնում, որ դա սադրանքի առիթ չդառնա». Ալեն Սիմոնյանը` Արցախ չայցելելու մասին

Երբեք Հայաստանի Հանրապետությունը տարածքային նկրտում չի ներկայացրել Ադրբեջանին, մենք մշտապես ասել ենք, որ դա Արցախի բնակչության, Արցախի ինքնորոշման իրավունքի հարց է, մենք տարածքային պահանջներ չենք դրել։ Այս մասին ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ հայտնել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը` անդրադառնալով խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների համար Բաքվի ներկայացրած 5 կետերի մասին հարցին:

ԱԺ նախագահը նաև ասաց, որ մոտակա 2-3 օրվա ընթացքում շատ մանրամասներ հայտնի կդառնան այդ 5 առաջարկի ու Արցախում ու Հայաստանի շուրջ տիրող իրավիճակի վերաբերյալ:

Ինչ վերաբերում է մեկ այլ հարցի, թե ինչու ինքը և գործող իշխանությունները չեն օգտագործում ԼՂ Հանրապետություն կամ Արցախի Հանրապետություն անվանաձևերը, նա ասաց. «Որովհետև այս բանակցային այս փուլում նպատակահարմար չեմ գտնում ես»:

Իսկ թե ինչու Արցախ չեն այցելում` օրինակ` տեղում խնդիրներին ծանոթանալու, և հնարավոր է, որ Ադրբեջանի նախագահ Ալիևի կոշտ արձագանքից խուսափելու համար չեն անում դա, Ալեն Սիմոնյանն արձագանքեց. «Օրինակ` Ալիևն ինձ ի՞նչ պիտի անի, որ ես գնամ, որևիցե բան չի կարող անել: Ես չեմ գնում, որպեսզի դա սադրանքի առիթ չդառնա {ադրբեջանական կողմից}:

Ենթադրենք` ես գնացի, անձամբ իմ մասին եմ խոսում, որովհետև մեր պաշտոնյաները այցելում են, ամեն օր սադրանք է տեղի ունենում, վիճակը լարված է: Եթե ես գնամ, ինձ բան չի լինելու, ես գնալու եմ, հետ գամ, բայց եթե ես պիտի գնամ, դրա պատճառով ադրբեջանցիները, առիթ փնտրելով, կրակեն մեր գյուղացիների վրա, մեր քաղաքացիների վրա, ինչի՞ է պետք դա անել: Ուզում եմ հասկանալ` միգուցե սխա՞լ եմ մտածում: Որպեսզի նման հարց չհնչի, որ ասեն` տեսաք` գնացին, Ալենն ինչ ուժեղ տղա է: Ինչի՞ս է դա պետք, եթե դրա պատճառով ես կարող եմ հրահրել այս նուրբ ժամանակահատվածում որևիցե մի բան: Ես համարում եմ, որ դա սխալ է, գնում են բանակցություններ, և ես առիթ չպետք է տամ հակառակ կողմին գեթ մեկ կրակոց անելու, իսկ մեր պաշտոնյաները գնում են»:

 

 

 

  • Կիսվել: