հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Չեխիայի նախագահը հայ գործարար Գեւորգ Ավետիսյանին հանձնեց Ծառայությությունների համար Առաջին աստիճանի մեդալը

Չեխիայի նախագահը հայ գործարար Գեւորգ Ավետիսյանին հանձնեց Ծառայությությունների համար Առաջին աստիճանի մեդալը

Մարտի 7-ի երեկոյան Պրահայի ամրոցի Վլադիսլավյան պատմական դահլիճում Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը չեխահայ հայտնի գործարար, «Մարլենկա Ինթերնեշընլ» միջազգային ընկերության նախագահ Գեւորգ Ավետիսյանին հանձնեց դեռեւս անցյալ տարի շնորհած Ծառայությունների համար Առաջին Աստիճանի մեդալը։ Անկախ Չեխիայի պատմության մեջ Գեւորգ Ավետիսյանն առաջին հայն է, որ արժանանում է նման բարձր պարգեւի։
Հանդիսավոր արարողության ժամանակ Չեխիայի բարձրագույն պարգեւների արժանացան չեխական մշակույթի ու գիտության, քաղաքական ու հասարակական կյանքի, մարզական աշխարհի, բիզնես աշխարհի մոտ 60 ներկայացուցիչներ, այդ թվում հայտնի դերասնուհի Յիրինա Բոհդալովան եւ հետմահու՝ հանրաճանաչ երգիչ Կարել Գոտտը։ Քովիդի եւ նախագահի հիվանդության պատճառով երկու անգամ հետաձգվել էր պարգեւների հանձնման արարողությունը։

Իր ելույթում նախագահ Զեմանն անդրադարձավ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սանձազերծած պատերազմին, եւ իբրեւ աջակցություն ուկրաինացի ժողովրդին, կոչ արեց գումարներ ուղարկել կաթոլիկ հիմնադրամին, որը օգնում է ուկարինացի փախստականներին։ Նա նաեւ հայտարարեց, որ ընդունում է չեխ պատգամավորներից մեկի առջարկը եւ որոշել է Չեխիայի բարձրագույն պարգեւ շնորհել նաեւ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն իր հերոսության համար։
Հանդիսավոր արարողությանը ներկա Չեխիայում Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանը ուրախությամբ նշեց, որ Գեւորգ Ավետիսյանի պարգեւատրումը նաեւ հայության հպարտությունն է, եւ բարձր է գնահատում հայ գործարարի ներդրումը ոչ միայն Չեխիայում, այլեւ չեխ-հայկական հարաբերությունների զարգացման եւ Հայաստանի հետ կապերի ամրապնդման գործում։
Պաշտոնական հանդիսությանը ներկա ՕՐԵՐ եվրոպական ամսագրի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանը շնորհավորելով հայ անվանի ձեռներեցին, նշեց, որ չեխահայության համար նշանակալի օր է, քանի որ Գեւորգ Ավետիսյանը անցած տարիների ընթացքում ոչ միայն զարգացրել է եւ 50ից ավելի երկրներ է արտահանում «Մարլենկա» մեղրով հրաշքի թխվածքատեսակները, այլեւ իր հեղինակությամբ ու բազմաթիվ հարցազրույցներով նպաստում Հայաստանի ու հայության մասին ճշմարիտ տեղեկատվության տարածմանը։

  • Կիսվել: