ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Չէի ցանկանա, որ որեւիցե մեկը հայտնվի պարոն Ծառուկյանի կարգավիճակում. Ջուլֆալակյան

Չէի ցանկանա, որ որեւիցե մեկը հայտնվի պարոն Ծառուկյանի կարգավիճակում. Ջուլֆալակյան

Այսօր լրագրողների հետ զրույցում ԱԺ պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանն ասաց, որ իր համար բացարձակ հաճելի պրոցես չէ, որ որեւէ մեկը հայտնվի Ծառուկյանի եւ իր կարգավիճակում:

Նա անդրադարձավ հարցին՝ արդյոք իր ընտանիքը մտերիմ հարաբերություններ ունի՞ Ծառուկյանի ընտանիքի հետ: Այս առնչությամբ Ջուլֆալակյանն ասաց. «Մենք մտերիմ հարաբերությունների մեջ ենք այնքանով, ինչքանով որ նախատեսել է սպորտ ՀԱՕԿ նախագահ, մարզիկ, հայրս՝ մարզիչ կարգավիճակում։ Ո՛չ քավոր-սանիկական, ո՛չ էլ բարեկամական կապ կա»։

Ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկյանի շուրջ հարուցված քրեական գործերին՝ Ջուլֆալակյանը նշեց. «Ես այս հարցին նայում եմ ոչ թե մարզիկ, այլ որպես պատգամավոր։ Հաշվի առնելով շուրջ 15 տարվա իմ սպորտի բնագավառում ունեցած հարաբերությունները՝ ինձ համար բարոյական առումով ցանկալի չէր մասնակից դառնալ այդ պրոցեսներին։ Ես այս ընթացքում չեմ արտահայտվել՝ ոչ  դրական, ոչ էլ բացասական։ Ես մասնագիտությամբմ իրավաբան չեմ, եւ չեմ կարող խորանալ հարցի իրավական խորությունների մեջ»։

Խոսելով այն մասին, թե արդյոք ինքը զրուցե՞լ է մարզիկ ընկերների հետ, Ջուլֆալակյանն ասաց. «Պարոն Ծառուկյանը լինելով ՀԱՕԿ նախագահ՝ աջակցել է մարզիկներին։ Որոշներն արտահայտել են իրենց կարծիքը: Ինձ համար բացարձակ հաճելի պրոցես չէ, չէի ցանկանա, որ որեւիցե մեկը հայտնվի պարոն Ծառուկյանի կարգավիճակում, թե իմ կարգավիճակում։ Բայց պետք է ֆիքսենք, որ օրենքի պահպանումը պետք է բոլորի համար լինի»;

  • Կիսվել: