երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Ցավոք, ՀՀ-ի կառուցողական մոտեցումը հաճախ չի հանդիպում համանման դիրքորոշման Ադրբեջանի կողմից․ Սարգիս Խանդանյանը՝ ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանում

Ցավոք, ՀՀ-ի կառուցողական մոտեցումը հաճախ չի հանդիպում համանման դիրքորոշման Ադրբեջանի կողմից․ Սարգիս Խանդանյանը՝ ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանում

Կանադայի Վանկուվեր քաղաքում տեղի է ունեցել Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) տարեկան 30-րդ նստաշրջանը, որին մասնակցել է ՀՀ ԱԺ պատվիրակությունը:  Ինչպես տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից՝ լիագումար նիստում հուլիսի 4-ին ելույթ է ունեցել ԵԱՀԿ ԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար Սարգիս Խանդանյանը:  
  
«Տիկի՛ն նախագահ,

Ես հավատում եմ, որ Հարավային Կովկասի տարածաշրջանի ապագան կարող է լինել խաղաղ և կայուն, եթե տարածաշրջանի բոլոր երկրները կարողանան գտնել համակեցության բանաձև: Այս բանաձևը կօգնի մեզ ապահովել և պաշտպանել մեր անկախությունը, ինքնիշխանությունը և ժողովրդավարությունը:

Հայաստանի կառավարությունն իր ժողովրդից ստացել է ուժեղ մանդատ` խաղաղություն բերելու իմ երկիր և հնարավոր դարձնելու խաղաղ համակեցության դարաշրջանը ապագա սերունդների համար: Հենց այդ պատճառով էլ Հայաստանը կառուցողականորեն ներգրավված է Ադրբեջանի հետ խաղաղ բանակցություններում: Ավելորդ է ասել, որ հարևանների հետ խաղաղության ձգտումը միակողմանի գործընթաց չէ: Գործընթացի երկու կողմերն էլ պետք է հանձնառու լինեն դրան:

Ցավոք, Հայաստանի կառուցողական մոտեցումը հաճախ չի հանդիպում համանման դիրքորոշման Ադրբեջանի կողմից: Եվ ես ուզում եմ շնորհակալություն հայտնել վեհաժողովին Վանկուվերի հռչակագրում իր դիրքորոշման համար:

Ինչպես արդեն ասացի, մենք պետք է գտնենք մեր բոլոր հարևանների հետ համակեցության բանաձևը, և այստեղ ես ուզում եմ ընդգծել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի կարևորությունը: Հայաստանն այս ամբողջ գործընթացի ընթացքում մի քանի դրական քայլեր է ձեռնարկել` ի ցույց դնելով իր անկեղծ հանձնառությունը երկու երկրների միջև առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանը: Մենք հուսով ենք, որ Թուրքիան նույնպես ավելի մեծ ջանքեր կներդնի և ավելի մեծ հանձնառություն կցուցաբերի դրան, որպեսզի մոտ ապագայում կարողանանք դրական արդյունքների հասնել: 
 
Մեր տարածաշրջանում խաղաղությանն այլընտրանք չկա, և բախվելով բոլոր դժվարություններին ու բարդություններին` մենք շարունակելու ենք պահպանել խաղաղության մեր քաղաքական ուղեգիծը:

Հարգելի՛ գործընկերներ, կարծում եմ, որ տարածաշրջանային խաղաղության, անվտանգության և համագործակցության մասին այս զրույցը կկարողանանք շարունակել Հայաստանում կայանալիք աշնանային նստաշրջանի ընթացքում, և ես ուրախ եմ բոլորիդ հրավիրել իմ երկիր:

Հուսով եմ, որ մինչ այդ մենք ավելի քիչ ռազմական գործողությունների և բռնությունների ականատես կլինենք ԵԱՀԿ տարածաշրջանում: Շնորհակալություն»,- նշել է պատգամավորը:

  • Կիսվել: