ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ցանկացած քննարկում, որը ենթադրում է Ադրբեջանի կազմում Արցախի հայտնվելը, պետք է անընդունելի լինի Հայաստանի համար. Մամիջանյան

Ցանկացած քննարկում, որը ենթադրում է Ադրբեջանի կազմում Արցախի հայտնվելը, պետք է անընդունելի լինի Հայաստանի համար. Մամիջանյան

ՀՀ ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը կարևորում է, որ Հայաստանի արտաքին քաղաքական խոսույթը հիմնված լինի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի վրա: Մամիջանյանն այս մասին ասաց ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով Միրզոյան-Լավրով հանդիպման ժամանակ ռուսական կողմից հնչեցված որոշ մտքերի վերաբերյալ հարցերին:

«Իմ տրամաբանությունն է, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է սկսի փոխել այն, ինչ իրենից կախված է սկզբի համար, հետևաբար ՀՀ արտաքին քաղաքական խոսույթը պետք է հիմնված լինի ինքնորոշման իրավունքի վրա»,-ասաց Մամիջանյանը:

Նա նկատեց՝ Ադրբեջանի վերաբերյալ Եվրախորհրդարանի ընդունած զեկույցից էլ պարզ է դառնում, թե այնտեղ ապրող քաղաքացիներն ինչ իրավունքներ ու ազատություններ ունեն:

«Ցանկացած քննարկում, որը ենթադրում է Ադրբեջանի կազմում Արցախի հայտնվելը, պետք է անընդունելի լինի Հայաստանի համար»,-նշեց պատգամավորը:

Ապա պատգամավորը ռուս գործընկերներին փոխանցեց այն, ինչն իր խոսքով, ասում է նրանց հետ գրեթե բոլոր հանդիպումներին՝ ՀՀ բնակչության 90 տոկոսից ավելին անընդունելի է համարում Արցախի հայտնվելն Ադրբեջանի կազմում:

Անդրադառնալով Բաքու-Ստեփանակերտ բանակցություններին՝ Մամիջանյանն ասաց, որ իրենց քաղաքական ուժը դա համարում է չարիք, որովհետև վիրավոր Արցախը չի կարող բանակցել հավասարը հավասարին, առավելապաշտպանությամբ տառապող երկրի հետ:

  • Կիսվել: