ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ցանկացած պարագայում մեր երկրի ներառական զարգացման նախապայման են բազմակողմանի քննարկումները․ Իշխան Սաղաթելյան

Ցանկացած պարագայում մեր երկրի ներառական զարգացման նախապայման են բազմակողմանի քննարկումները․ Իշխան Սաղաթելյան

Հանրության լայն ներգրավմամբ տնտեսություն ունենալու հիմնարար նպատակադրմանը հակացուցված է «մենք շատ ենք, մենք ամեն ինչ գիտենք, ուրեմն ցանկացած պարագայում ճիշտ ենք» բանաձևը: Այս մասին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի կազմակերպած «ՀՀ սոցիալ-տնտեսական ոլորտի խնդիրները, դրանց լուծման ուղիները» թեմայով քննարկմանն ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, հայտնում է Tert.am-ը։

«Ցանկացած պարագայում մեր երկրի ներառական զարգացման նախապայման են բազմակողմանի քննարկումները, օբյեկտիվ խոսքը լսելի դարձնելու հարթակները, գաղափարների ու տեսակետների բովանդակային բախումները»,-ասաց Իշխան Սաղաթելյանը:

Նրա խոսքով՝ աշխարհաքաղաքական և առարկայական մի շարք այլ գործոններով պայմանավորված այսպիսի բարդ իրավիճակում մեր երկրի կայուն զարգացումն այլընտրանք չունի: «Իսկ  հատկապես տնտեսության ներառական զարգացումը պահանջում է նախևառաջ լսել դիմացինի տարբերվող տեսակետները, իրականում հաշվի նստել օբյեկտիվ փաստարկների հետ: Մեր այս նախաձեռնությունը միտված է այս նպատակներին»,-ընդգծեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչը:  

Սաղաթելյանը նշեց, որ սա մեկանգամյա միջոցառում չէ, ունենալու է պարբերական բնույթ և հավակնելու է դառնալ կայուն հարթակ՝ մեր երկրի տնտեսության ներառական զարգացման և սոցիալական խնդիրները բարձրացնելու և հավաքական լուծումներ գեներացնելու համար:

Քննարկվող թեմաները հաջորդաբար կձևավորվեն նաև նախորդ քննարկումներին հնչեցված տեսակետների և առաջարկությունների հիման վրա: Համաձայնեցված տեսակետները նաև կհրապարակվեն՝ հանրային օրակարգ ձևավորելու նպատակով:

  • Կիսվել: