Հայաստանը չի ընդգրկվել ՌԴ Պետդումայի ընտրությունների համար նախատեսված ՀԱՊԿ ԽՎ դիտորդական առաքելության կազմում
Ռուսաստանի Պետական դումայի ընտրություններում ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության կազմում Հայաստանի ներկայացուցիչներ չկան։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է միջազգային դիտորդների խմբի ղեկավար Ռուստամ Շոհմուրոդը։
«Ո՛չ, Հայաստանը ներկայացված չէ, նրանք սառեցրել են իրենց մասնակցությունը ՀԱՊԿ-ին։ Այստեղ ևս նրանք չկան․ դա իրենց որոշումն է», — նշել է Շոհմուրոդը։
ՀԱՊԿ ԽՎ-ի հրապարակած դիտորդական կենտրոնական խմբում ընդգրկված են Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Սերբիայի ներկայացուցիչները։ Հայաստանն այս ցուցակում բացակայում է։ Առաքելությունը դիտարկում է իրականացնում Մոսկվայում, Մոսկվայի մարզում, ինչպես նաև ՀԱՊԿ անդամ երկրներում բացված արտասահմանյան ընտրատեղամասերում։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2024-ի փետրվարին հայտարարել էր ՀԱՊԿ-ում Երևանի մասնակցության սառեցման մասին՝ պատճառաբանելով, որ կազմակերպությունը, հայկական կողմի գնահատմամբ, չի կատարել Հայաստանի հանդեպ ստանձնած անվտանգային պարտավորությունները։
Պետդումայի 9-րդ գումարման ընտրությունների քվեարկությունն անցկացվում է սեպտեմբերի 18-ից 20-ը։ Միասնական քվեարկության շրջանակում Ռուսաստանի ութ մարզերում անցկացվում են նաև տեղական իշխանությունների ուղղակի ընտրություններ։ Ընդհանուր առմամբ նախատեսված է տարբեր մակարդակների ավելի քան 2,2 հազար ընտրարշավ։
ՀԱՊԿ ԽՎ առաքելությունը քվեարկության ընթացքին հետևում է սեպտեմբերի 18-ից։ Դիտորդները ներկա են եղել ընտրական տեղամասերի բացմանը, ինչպես նաև հանդիպումներ անցկացրել ՌԴ խորհրդարանական կուսակցությունների ներկայացուցիչների և Դաշնության խորհրդի ղեկավարության հետ։ Առաքելությունը նախատեսում է ընտրությունների արդյունքներով ամփոփիչ եզրակացություն ներկայացնել։



