ուրբաթ, նոյեմբեր 13
13 / 11 / 2026
Միջազգային գործընկերների հետ քննարկվել են կիբեռանվտանգության ոլորտի առաջնահերթությունները

Միջազգային գործընկերների հետ քննարկվել են կիբեռանվտանգության ոլորտի առաջնահերթությունները

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարի տեղակալ Արամայիս Գրիգորյանը հանդիպել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ), Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչների հետ՝ «Համագործակցություն հանուն կիբեռանվտանգության ամրապնդման» ծրագրի շրջանակում համագործակցության ընթացքն ու հետագա անելիքները քննարկելու նպատակով։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքները, կիբեռանվտանգության ոլորտում Հայաստանի կարողությունների զարգացմանն ուղղված առաջնահերթությունները և առաջիկա համագործակցության հնարավորությունները։ Արամայիս Գրիգորյանը կարևորել է միջազգային գործընկերների փորձագիտական աջակցությունը՝ ոլորտում իրականացվող բարեփոխումների արդյունավետ առաջմղման գործում։

Քննարկվել են նաև կիբեռանվտանգության ոլորտում իրականացվող աշխատանքներն ու առկա առաջնահերթությունները։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել կարևոր տեղեկատվական ենթակառուցվածքների նույնականացման, կիբեռմիջադեպերի դասակարգման և արտակարգ իրավիճակներում դրանց կառավարման մեխանիզմների զարգացմանը, պետական կառույցների կիբեռանվտանգության կարողությունների գնահատմանն ու ամրապնդմանը, ինչպես նաև Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հետ համագործակցությամբ կիբեռանվտանգության լաբորատորիայի ստեղծմանը։

Անդրադարձ է կատարվել նաև մասնագիտական կարողությունների զարգացմանն ուղղված նախաձեռնություններին, որոնց շրջանակում արդեն վերապատրաստվել է ավելի քան 400 մասնակից։ Կարևորվել է պետական և մասնավոր հատվածների ու քաղաքացիական հասարակության միջև համագործակցության խորացումը, այդ թվում՝ կիբեռմիջադեպերի կառավարման համատեղ վարժանքների կազմակերպման միջոցով։

Հաշվի առնելով արհեստական բանականության արագ զարգացումն ու կիրառման ընդլայնումը՝ հանդիպման ընթացքում կարևորվել է նաև ԱԲ-ի և կիբեռանվտանգության փոխկապակցվածությունը, ինչպես նաև անվտանգության նոր ռիսկերին համատեղ արձագանքելու անհրաժեշտությունը։ Կողմերն ընդգծել են համագործակցության շարունակականության կարևորությունը և պատրաստակամություն հայտնել համատեղ աշխատանքները կենտրոնացնել գործնական քայլերի իրականացման ու շոշափելի արդյունքների ապահովման ուղղությամբ։

  • Կիսվել: