Դանիան ողջունել է ԱՄՆ-ի հետ Գրենլանդիայի անվտանգության վերաբերյալ համաձայնագիրը
Դանիան ողջունել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարած՝ Գրենլանդիայի անվտանգության վերաբերյալ համաձայնագիրը։ Ամերիկյան առաջնորդի խոսքով՝ փաստաթուղթը Վաշինգտոնին կղզու անվտանգության նկատմամբ «մշտական վերահսկողություն» է տալիս և թույլ չի տա Ռուսաստանին ու Չինաստանին ռազմաբազաներ տեղակայել այնտեղ, փոխանցում է AFP-ն։
Դանիայի արտգործնախարար Լարս Լյոկե Ռասմուսենը նշել է, որ Դանիայի և Գրենլանդիայի կողմից ավելի վերջերս հայտարարված համաձայնագրի ստորագրումը կարող է տեղի ունենալ Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում։
«Գալիք շաբաթը կարող է հաջող ստացվել», — սոցցանցերում գրել է Ռասմուսենը։
Նրա գնահատմամբ՝ Գրենլանդիայի անվտանգության շուրջ տևական անորոշությանը կարող է փոխարինել «պարտավորեցնող համաձայնագիրը, որը կամրապնդի Արկտիկայի և Հյուսիսային Ատլանտիկայի անվտանգությունը»։
Դանիական դիվանագիտության ղեկավարի խոսքով՝ պայմանավորվածությունը հաշվի է առնում Կոպենհագենի ընդգծած «կարմիր գծերը» և առանձնակի կարևորություն ունի անվտանգային միջավայրի փոփոխության ֆոնին։ Այդուհանդերձ, համաձայնագրի հստակ պայմանները դեռևս չեն հանրայնացվում։
Դանիան շարունակում է պնդել Գրենլանդիայի նկատմամբ սեփական ինքնիշխանության պահպանման անհրաժեշտությունը։ Կղզին լայն ինքնավարություն ունի Դանիայի Թագավորության կազմում, իսկ արտաքին քաղաքականության ու պաշտպանության հարցերը գտնվում են Կոպենհագենի իրավասության ներքո։
2025 թվականի հունվարին Սպիտակ տուն վերադառնալուց հետո Թրամփը բազմիցս հայտարարել էր Գրենլանդիայի նկատմամբ ամերիկյան վերահսկողություն սահմանելու անհրաժեշտության մասին՝ վկայակոչելով կղզու ռազմավարական դիրքը։ Այս հայտարարությունները լուրջ անհանգստություն էին առաջացրել ՆԱՏՕ-ում ԱՄՆ դաշնակից Դանիայի մոտ և սուր արձագանք ստացել դաշինքի երկրներում։
Գրենլանդիան գտնվում է Հյուսիսային Ատլանտյան և Հյուսիսային սառուցյալ օվկիանոսների միջև և առանցքային նշանակություն ունի արկտիկական երթուղիներն ու Հյուսիսային Ատլանտիկան վերահսկելու համար։ Միևնույն ժամանակ, Դանիայի և Գրենլանդիայի իշխանությունները նախկինում բազմիցս ընդգծել են, որ կղզու ապագան որոշելու բացառիկ իրավունքը պատկանում է տեղի բնակիչներին։



