ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Բունդեսթագի պատգամավորները քննադատել են Ցեղասպանության ճանաչման բանաձևին դեմ եղած անձի նշանակումը

Բունդեսթագի պատգամավորները քննադատել են Ցեղասպանության ճանաչման բանաձևին դեմ եղած անձի նշանակումը

ԳԴՀ ԱԳՆ մշակութային քաղաքականության վարչության Կրոնների միջև համակեցության հարցերով բաժնի խորհրդական է նշանակվել Գերմանիայում Մահմեդականների կենտրոնական խորհրդի (ՄԿԽ) նախագահի տեղակալ Նուրհան Սոյկանը: Վերջինս 2016թ. Հայոց ցեղասպանության վերաբերյալ Բունդեսթագի բանաձևի ընդունմանը նվիրված քննարկումների ընթացքում ընդգծված կերպով դեմ է արտահայտվել:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԳԴՀ Բունդեսթագի Գերմանիա-Հարավային Կովկաս խորհրդարանական բարեկամության խմբի փոխնախագահներ Ալբերտ Վայլերը (ՔԴՄ) և Թիլ Մանսմանը (ԱԴԿ) հանդես են եկել հայտարարություններով՝ հայտնելով իրենց խորին մտահոգությունը նշանակման կապակցությամբ:

 


Ալբերտ Վայլերի կողմից տարածված մամուլի հաղորդագրությունում նշվում է, որ պատգամավորն անհանգստացած է Գերմանիայում ՄԿԽ նախագահի տեղակալի՝ Գերմանիայի դաշնային արտգործնախարարությունում խորհրդականի պաշտոնում նշանակման կապակցությամբ: Որպես գերմանահարավկովկասյան խորհրդարանական բարեկամական խմբի փոխնախագահ՝ Վայլերը բնութագրում է այս նշանակումը որպես գերմանահայկական հարաբերությունների զարգացման հարցում վտանգավոր. «Հայոց ցեղասպանության բանաձևի նպատակն էր նաև խրախուսել Թուրքիային՝ անցյալի և սեփական պատմությանն առերեսվելու, ճանաչելու և այն մշակելու: Տիկին Սոյկանը բացահայտորեն քննադատել է այս բանաձևը, և նա՝ որպես կառավարության համակարգում խորհրդական, կարող է խոչընդոտել ակնկալվող հաշտեցմանն ու ճանաչմանը, ինչը չի համապատասխանում դաշնային կառավարության նպատակներին»:

Վայլերը նաև հղում է կատարել ՄԿԽ գործունեության մեջ առկա բոլորին հայտնի ԳԴՀ Սահմանադրությանը հակասող կապերին: Դաշնային արտաքին գործերի նախարարությունը կարևոր պետական կառույց է և չպետք է իր շարքերում հանդուրժի մահմեդական-ազգայնական կամ հակասահմանադրական շեշտադրումներ: «Այսօր, մենք ցավոք ականատես ենք լինում նրան, թե ինչպես է Թուրքիան, Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելով ջնջում Թուրքիայում քրիստոնեական մշակույթը՝ մահմեդական ազգայնականության շահերին ծառայեցնելու նպատակով: Այսօրինակ մտահոգիչ զարգացումները՝ Դաշնային արտգործնախարարության այս որոշումը, սադրանք է մեր ազատ ժողովրդավարական հիմնարար արժեքների և իրավական պետության նկատմամբ և պետք է չեղարկվի: Այս առնչությամբ ես կդիմեմ մեր արտաքին գործերի նախարարին»,- հավելել է Ա. Վայլերը:

Իր հերթին, Թիլ Մանսմանը նշում է, որ այս նշանակումը մտահոգիչ է հայ-գերմանական հարաբերությունների համար: Պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ 2016թ. Բունդեսթագի կողմից միայն մեկ դեմ և մեկ ձեռնպահ ձայներով ընդունված բանաձևում 1915թ. Օսմանյան Կայսրությունում հայերի նկատմամբ բնաջնջումը որակվում է որպես ցեղասպանություն: Բանաձևը նաև Գերմանիայի պատասխանատվության հարցն է բարձրացնում: «Նրանց ճակատագիրը 20-րդ դարում տեղի ունեցած զանգվածային ոչնչացումների, էթնիկ զտումների, տեղահանությունների և ցեղասպանությունների շարքում ուրույն տեղ է զբաղեցնում»:

Սա անհանգստացնում է թուրքական իշխանություններին, քանի որ Թուրքիան, ի հեճուկս առկա փաստերի, վիճելի է համարում հայ ժողովրդի տեղահանություններն ու հետապնդումները որպես ցեղասպանություն որակելը:

Թ. Մանսմաննի պաշտոնական հաղորդագրությունում նշվում է նաև, որ Նուրհան Սոյկանը «Մահմեդականները Միությունում» աշխատանքային խմբի հիմնադրման կապակցությամբ իր ելույթում քննադատել է բանաձևը և վարկաբեկել թուրքական ծագում ունեցող պատգամավորներին, որոնք կողմ էին քվեարկել այդ բանաձևին: Նրա տեսանկյունից՝ բանաձևը թուլացրել է գերմանական քաղաքականության նկատմամբ թուրքական ծագում ունեցող բազմաթիվ մարդկանց վստահությունը: Դաշնային Արտաքին գործերի նախարարությունը չի արձագանքել բանաձևի վերաբերյալ Սոյկանի այս քննադատությանը:

Սոյկանը՝ որպես Գերմանիայում մահմեդական համայնքի ներկայացուցիչ, գիտակցված է ընտրվել ԱԳՆ-ի կողմից այդ պաշտոնում: Մահմեդականների կենտրոնական խորհրդի խոշորագույն միությունը, որի փոխնախագահն է Սոյկանը, ընդհանուր առմամբ, «Եվրոպայում թուրք-իսլամական մշակութային միության» (Atib) անդամ կազմակերպություն է, որը ԳԴՀ Սահմանադրության պաշտպանության դաշնային ծառայության (հակահետախուզության) կողմից որակվել է որպես թուրք ազգայնական Գորշ գայլերի աջակողմյան ծայրահեղական շարժում: Բացի այն, որ շուրջ 20.000 անդամ ունեցող Մահմեդականների կենտրոնական խորհուրդը Գերմանիայում բնակվող շուրջ 4,5 մլն մահմեդականների միայն մի փոքր հատվածն է ներկայացնում, նրա անդամների բազմաթիվ միություններ կապված են «Մահմեդական եղբայրների» հետ:

Թիլ Մանսմաննը շարունակում է, որ ԳԴՀ ԱԳՆ-ն պետք է ուշադրություն դարձնի նրան, որ խորհրդականների ընտրության հարցում պաշտպանվի ժողովրդավարության և իրավական պետության սկզբունքը և որևէ սատարում չլինի ազգայնական կամ հակասահմանադրական նարատիվներին: Քանի դեռ իր կապն «Atib»-ի հետ Մահմեդականների կենտրոնական խորհուրդը չի հստակեցրել, վերջինիս որևէ ներկայացուցիչ չպետք է դառնա կառավարության խորհրդական»,- պահանջել է Թ. Մանսմաննը:

Պատգամավորի վստահեցմամբ. «Հայոց ցեղասպանության ճանաչումը Գերմանիայի պատմական մեղսակցության ընդունումը կարևոր քայլ էր պատմությունից դասեր քաղելու ուղղությամբ: Գերմանահայկական հարաբերությունների ամրապնդումը շարունակում է մնալ Գերմանիայի արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից մեկը, իսկ Սոյկանի նման անձնավորությունը վտանգում է այն»:

Հավելենք, որ Սոյկանի նշանակումը քննադատաբար և անհանգստացնող է մեկնաբանվել նաև գերմանական մամուլում, օրինակ, «Welt» օրաթերթում՝  և իշխող ՔԴՄ կուսակցության առանձին պատգամավորների կողմից: Հայ Առաքելական եկեղեցու Գերմանահայոց թեմի առաջնորդարանն այս կապակցությամբ նույնպես պաշտոնական նամակ է հասցեագրել ԳԴՀ ԱԳ նախարարին:

  • Կիսվել: