երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Ենթադրում եմ՝ Բրյուսելում նախատեսված հանդիպումը չի կայանա ադրբեջանական կողմի պատճառով. ԱԺ նախագահ

Ենթադրում եմ՝ Բրյուսելում նախատեսված հանդիպումը չի կայանա ադրբեջանական կողմի պատճառով. ԱԺ նախագահ

 Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայ-ադրբեջանական բանակցային գործընթացը փակուղային չի համարում։ Ալեն Սիմոնյանն այս մասին հայտարարեց լրագրողների հետ ճեպազրույցում։

«Ես չեմ համարում, որ բանակցային գործընթացը փակուղային է, առավել ևս հայկական կողմի ակտիվ քաղաքականության և ակտիվ միջազգային շփումների շնորհիվ մենք գործընթացը, այնուամենայնիվ, ինչ-որ տրամաբանության ենք բերել, որը բոլորի համար ընդունելի տարբերակ է»,- ասաց Սիմոնյանը։

Հարցին, թե արդյոք Ադրբեջանի կողմից է չեղարկվել Բրյուսելի եռակողմ հանդիպումը՝ Հայաստանի, ԵՄ-ի և Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ, ԱԺ նախագահը պատասխանեց․

«Մեր կողմից նման հայտարարություն չկա, ենթադրում եմ, որ դա ադրբեջանական կողմից է»։

Նշենք, որ Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հայտարարել է․, որ հոկտեմբերի վերջին Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպում տեղի չի ունենա:

  • Կիսվել: