շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հակաճգնաժամային բոլոր ծրագրերը եղել են անարդյունավետ. Մարուքյան

Հակաճգնաժամային բոլոր ծրագրերը եղել են անարդյունավետ. Մարուքյան

Եղել են  տոտալ սահմանափակումներ, երբ մարդիկ տանը նստել են եւ սկսվել են սոցիալական խնդիրները մեծ թափով աճել՝ գործազրկություն, առօրյա հացի խնդիր եւ այլն: Այս մասին ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը խորհրդականական ճեպազրույցների ժամանակ՝ անդրադառնալով  խիստ սահմանափակումների վերադարձին։  

Նրա խոսքով, երկու տարբերակ կա. կա՛մ մարդկանց պետք է սոցիալապես աջակցություն տրամադրել, որ տանը մնան, կա՛մ պետք է բացել տնտեսությունը, և իշխանությունները, որպեսզի չֆինանսավորեն, որ մարդիկ մնան, տանը, բացել են տնտեսությունը:

«Բոլոր հակաճգնաժմային ծրագրերը եղել են անարդյունավետ: Չկա մի մարդ, որ փողոցում հարցնես, ասի՝ արդյունավետ են եղել: Մենք առաջարկել ենք ուղղակի աջակցել ընտանիքներին: Կառավարությունը որ չգնա այդ ճանապարհով, բացել է տնտեսությունը եւ ունենք այն, ինչ ունենք: Հիմա երկու շաբաթով նորից փակելն անիմաստ է, պետք է երկար փակել, եթե փակում ես: Եվ պետք է մարդկանց ֆինանսավորել, կոմունալները վճարել, հարկային ու վարկային արձակուրդներ տալ: Հիմա հարցնում եք՝ կարո՞ղ ենք նորից փակել: Կարող ենք, եթե բոլորին փող տանք: Ես շարունակում եմ պնդել, որ ունենք փող: Ունենք նաեւ վարկ վերցրած փող կորոնավիրուսի դեմ պայքարի համար»,- նշեց Էդմոն Մարուքյանը:

Նրա խոսքով, 280 մլն դոլար փող են վերցրել Արժույթի միջազգային հիմնադրամից. «ԱՄՀ-ից վերցված վարկի բացատրությունում գրված են հակաճգնաժամային ծրագրերի բացատրությունները: Եթե նայենք բացատրությունը, թե ինչու ենք այդ փողը վերցնում, մեջը այս 14 ծրագրերն է գրված: Այսինքն, սա նշանակում է, որ պետությունն ուզում է այդ փողը պոստֆակտում վերցնի եւ այդ ծրագրերն արդեն իրացվել է: Այդ ծրագրերի վրա 280 մլն դոլար չի ծախսվել, բայց մենք հիմա այդ փողը վերցնում ենք: Կա փող, եթե փակում ենք, պետք է տանք մարդկանց, որ տանը մնան: Եթե մարդկանց փող չտվեցինք, մարդիկ տանը չեն մնալու, ինչպես եղել է: Մարդիկ անհնազանդություն են ցուցաբերում, երբ դու իրեն չես աջակցում, որ ինքը տանը նստի: Եթե լուսի մարդը գալիս լույսն անջատում է, մարդը ոնց կարա տանը մնա: Դուրս է գալիս, հետո էլ ասում են՝ մեր ժողովուրդը կարգապահություն չունի, տեսեք Գերմանիայում ինչպես են մնում տանը: Գերմանիայում մնացել են տանը, որովհետև տրվել է փող»,-ընդգծեց ԼՀԿ ղեկավարը:

Նա նաև նշեց, որ թյուր են այն կարծիքները, թե հայ ազգը անկարգապահ է։ «Մեր ազգը ոչ մի ազգից կարգապահությամբ հետ չի մնում» ,- նշեց նա։

Անդրադառնալով ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի պաշտոնանկությանը, Էդմոն Մարուքյանն ասաց, որ  շատ լավ էր վերաբերվում նրա պաշտոնավարմանը։ «Եե նկատել եք, մենք նրան չենք էլ քննադատել»,- նծեց նա։

Այնուհետև շարունակեց.

«Եթե նրան ազատել են մաքսատանը հերթերի պատճառով, ինչպես գրում է մամուլը, դա աբսուրդ է: Դրա համար բարձրաստիճան պաշտոնյային աշխատանքից չեն ազատում: Եթե ուրիշ բան կա տակը, ապա Հայաստանում բարձրաստիճան պաշտոնյաներ են ազատվում պաշտոնից, կամ նշանակումներ են արվում, և որևէ մեկին բացատրություն չի տրվում, թե ինչու: Ոնց եղել է նախկին կառավարման համակարգում արատավոր այս փակ նշանակումներն ու ազատումները, նույն ձևով շարունակվում է»։

Էդմոն Մարուքյանը հիշեցրեց Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնանկության մասին՝ միաժամանակ ասելով, Սահմանադրության պահանջի համաձայն նա արդեն նշանակված պետք է լիներ:

«Որտեղ պետք է բացատրություն տալ, չի տրվում, որտեղ պետք չի, այնքան մանրամասն է տրվում, որ դրա կարիքն ընդհանրապես չկա»,- ասաց պատգամավորը։

 

  • Կիսվել: