ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ԲՀԿ-ն քննարկումների մեջ է արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ՝ մեկ միասնական օրակարգ ձևավորելու վերաբերյալ

ԲՀԿ-ն քննարկումների մեջ է արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ՝ մեկ միասնական օրակարգ ձևավորելու վերաբերյալ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության դիրքորոշման մեջ որևէ փոփոխություն տեղի չի ունեցել․ մենք խոսել ենք երկրում արմատական փոփոխություններ կատարելու մասին, և այս առումով որևէ փոփոխություն մեր տեսակետներում չի եղել, այսօր Ազգային ժողովում ճեպազրույցների ժամանակ հայտարարեց  «Բարգավաճ Հայաստան խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը։

 Ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմանը, Իվետա Տոնոյանը նշեց․

«Սա ոչ մեր հաղթանակն է, ոչ էլ իշխանությունների պարտությունը։ Այս հանգամանքն ընդամենը եկավ ապացուցելու օրենքի գերակայության առաջնահերթության վերաբերյալ մեր տեսակետները։ Եթե մենք ապրում ենք ժողովրդավարական Հայաստանում, ապա դատարանը պարտավոր է իրացնել իրեն վերապահված գործառույթները։ Իրավական առումով մենք նշել ենք, որ որևէ հիմք չկա Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդության մեջ, և դատարանը հաստատեց մեր այդ հնչեցրած տեսակետները»,- ասաց նա։

Լրագրողը հետաքրքրվեց՝ 2015 թվականի սցենարը չի՞ կրկնվի, Տոնոյանը պատասխանեց․

«Որևէ դեպքում մենք համեմատականներ չենք ուզում անցկացնել նախկինի և ներկայի միջև։ 2015 թվականին կար իրավիճակ, երբ ընդամնեը մեկ գիշերվա մեջ մեր շուրջ 700 համակիրներ ձերբակալվեցին, կար իրավիճակ, երբ մաիպուլյատիվ լրատվության միջոցով ներկայացվում էր, որ ժողովրդական այդ պայքարն իրականացվում էր անձնական ինչ-ինչ շահերով։ Եվ կար իսկապես պայթյունավտանգ իրավիճակ, հնարավոր էր ամեն բան, և Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ փակում է քաղաքականության էջը, որպեսզի որևէ ողբերգական հետևանք չլիներ։ Այսօր մենք ունենք Գագիկ Ծառուկյանի և մեր քաղաքական թիմի 100 տոկոսանոց հաստատակամությունը՝ մեր երկրում փոփոխություններ իրականացնելու։ Դուր գա դա ոմանց, դուր չգա, միևնույն է, մենք շարունակելու ենք առաջնորդվել մեր նախանշած օրակարգով»։

Ինչ վերաբերում է արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ հնարավոր համագործակցությանը, Տոնոյանը նշեց, որ Հայրենիք կուսակցության ու ՀՅԴ հետ ունեն քննարկման եզրեր՝ մեկ միասնական օրակարգ ձևավորելու վերաբերյալ։  «Եվ մենք առաջնորդվում ենք հիմա այդ գործընթացով։ Մենք քաղաքական քննարկումների փուլում ենք»,- հավելեց Տոնոյանը։

  • Կիսվել: