հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Բաքուն ու Երևանը պատրաստ են նոր ճանապարհային քարտեզի, այլ ոչ թե լիարժեք խաղաղ համաձայնագրի․ Թոմ դե Վաալ

Բաքուն ու Երևանը պատրաստ են նոր ճանապարհային քարտեզի, այլ ոչ թե լիարժեք խաղաղ համաձայնագրի․ Թոմ դե Վաալ

Բաքուն ու Երևանն այսօր բանակցում են մի քանի ձևաչափերով: Վերլուծաբաններն ու լրագրողները քննարկում են հայ-ադրբեջանական խաղաղ գործընթացն ու դրա ապագան։ Այս մասին հայտնում է Ամերիկայի ձայնը:

Մայիսի 12-ին Դուշանբեում կայացավ ՀՀ-ի, ՌԴ-ի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, ուր քննարկվեցին 2020-2021 թթ. եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքը, տեղեկացնում է ՀՀ-ի արտգործնախարարությունը: Ըստ Հայաստանի դիվանագիտական գերատեսչության՝ հանդիպմանը «մտքեր են փոխանակվել տարածաշրջանային կոմունիկացիաների և տնտեսական կապերի ապաշրջափակման, սահմանազատման, սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ստեղծման և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման պայմանագրի վերաբերյալ»։

Ռուսաստանի հովանավորությամբ բանակցային այս գործընթացն ընթանում է Մոսկվայի կողմից Ուկրաինայի դեմ սանձազերծած արյունալի պատերազմի և Արևմուտքի հետ Ռուսասատանի հակադրության պայմաններում: Վաշինգտոնն ու Բրյուսելը ևս ներգրավված են ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացներում: Հիշեցնենք, որ վերջերս Բրյուսելում ԵՄ խորհրդի նախագահ Շարլ Միշելի մասնակցությամբ կայացել էր ՀՀ-ի ու Ադրբեջանի ղեկավարների գագաթնաժողովը: Բացի այդ, Դուշանբե կատարած այցից առաջ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայ-ադրբեջանական գործընթացը քննարկել է Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Էնտոնի Բլինքենի հետ, իսկ մայիսի 11-ին ԱՄՆ պետքարտուղարը հայ-ադրբեջանական բանակցությունների ընթացքին է անդրադարձել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ իր հեռախոսազրույցում, ուր վերահաստատել է Վաշինգտոնի պատրաստակամությունն աջակցել, այդ թվում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի դերում, կողմերի միջև տեւական խաղաղության հաստատմանը:

The Washington Post-ի սյունակագիր, ամերիկահայ Դեյվիդ Իգնեշիուսն «Հայաստանի եւ նրա պատմական հակառակորդներ՝ Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ» հարաբերությունները կարգավորելու այս օրերի խաղաղ գործընթացը որակում է «անհավանական»: Զարմանալին այն է, որ այս գործընթացին իրենց աջակցությունն են ցուցաբերում թե՛ ԱՄՆ-ը, և թե՛ ՌԴ-ը, շեշտում է Իգնեշիուսը:

The Washington Post-ի հրապարակած իր հոդվածում սյունակագիրը գրում է, որ «աշխարհը կենտրոնացած է Ուկրաինայում ընթացող ինտենսիվ մարտերի վրա, եւ Կովկասում դիվանագիտական խնդիրները կարող են ընկալվել որպես կողմնակի շոու»: Դրա հետ մեկտեղ, ըստ Իգնեշիուսի՝ անլուծելի այս հակամարտությունների կարգավորման գործնթացին աջակցումը ոչ միայն կարեւոր է այդ երկրների համար, այլ նաեւ բխում է Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի շահերից` «ստեղծելով երկխոսության համար օգտակար խողովակներ»: Նա, սակայն, ՌԴ-ի նախագահ Պուտինին որակում է որպես «անհուսալի միջնորդ», ով հետապնդում է իր սեփական շահը:

Ըստ Իգնեշիուսի՝ Հայաստանը դեռ չի ապաքինվել պատերազմից հետո, որը հազարավոր կյանքեր խլեցեւ մեծ վնասներ հասցրեց երկրին: Նա ընդգծում է՝ հարկադրված խաղաղությունից Հայաստանի համար լավագույն պաշտպանությունն է ԱՄՆ-ի եւ Եվրոպայի մասնակցությունը բանակցային գործընթացին: Դրա համատեղ ջանքերի ուղիներից մեկը կլիներ, ըստ սյունակագրի, Մինսկի խմբի վերածնունդը, որի աշխատանքներն այսօր բոյկոտում է Մոսկվան, նշում է նա՝ հիշեցնելով, որ «փոխարենը, ԵՄ-ը միացել է ՌԴ-ին որպես բանակցությունների հովանավոր»:

Ամերիկայի ձայնին տված հարցազրույցում Քարնեգի հիմնադրամի վերլուծաբան Թոմաս դե Վաալն ընդգծում է, որ այսօր հայ-ադրբեջանական հակամարտությունն ունի բոլորովին այլ դիվանագիտական ձևաչափ: Մինսկի խմբի ձևաչափը մեռած է, սակայն կարևոր է պահպանել նրա փաստաթղթային ժառանգականությունը, գտնում է նա:

«Կարևոր է պաշտոնապես չհայտարարել այս ձևաչափի մահվան մասին, քանի որ Մինսկի խումբը ունի որոշակի գործառույթ: Այն ունի համատեղ հայտարարությունների պատմություն, այդ թվում երեք նախագահների՝ ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Ֆրանսիայի։ Այսպիսով, առկա է փաստաթղթերի ժառանգականություն՝ կապված Մինսկի խմբի հետ, որը կարևոր է չկորցնել»,- պնդում է դե Վաալը:

Նրա կարծիքով, այսօր ՌԴ-ի ու ԵՄ հովանավորությամբ ձևաչափերն ընթանում են զուգահեռ, և Բրյուսելը չի ձգտում փոխարինել Մոսկվայի գործընթացը:

«Այն, ինչ տրամադրում է ԵՄ-ը, մի փոքր այլ բան է: Այն նոր խաղացող է, որին, կարծում եմ, հատկապես դրական է վերաբերում ադրբեջանական կողմը: Այն կապված չէ անցյալի հետ: Նրանք ազնիվ միջնորդներ են, ովքեր չունեն տարածաշրջանում մեծ օրակարգ, ինչպես օրինակ ռուսները կամ Թուրքիան և Իրանը»,- պնդում է դե Վաալը:

Ըստ վերլուծաբանի՝ հակամարտող կողմերը պատրաստ չեն այսօր լիարժեք խաղաղության համաձայնագրի, այլ պատրաստ են նոր ճանապարհային քարտեզի, որը կարող է ուժի չկիրառման երաշխիք դառնալ: Դա հատկապես կարևոր է ԼՂ հայության համար, ասում է նա:

Անդրադառնալով Վաշինգտոնի ներգրավվածությանը՝ դե Վաալը գտնում է, որ ԱՄՆ-ն այսօր փորձում է աջակցել այս ավելի չեզոք արևմտյան խաղաղ գործընթացին, որն, ըստ նրա, չի հակասում ՌԴ-ի հիմնական նպատակներին կամ 2020 թ.-ի նոյեմբերի հրադադարի հայտարարությանը։

  • Կիսվել: