Երկու անգամ դիմել եմ Ադրբեջանի իշխանություններին, որ այցելեմ Բաքու. ԵԽ հանձնակատար
Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ’Ֆլահերթին այսօր ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Արմեն Գևորգյանի հարցին ի պատասխան հայտարարել է, որ ինքն արդեն երկու անգամ դիմել է Ադրբեջանի իշխանություններին, որ այցելի Բաքու, քանի որ ուզում է ներգրավվել մարդու իրավունքներին վերաբերող հարցերում հենց Ադրբեջանի տարածքում:
Նշենք, որ Արմեն Գեւորգյանը նրան մասնավորապես հարցրել էր. «Շաբաթներ առաջ ձեզ եմ ուղարկել Բաքվի հայ կալանավորներից Ռուբեն Վարդանյանի շահերը պաշտպանող ամերիկացի հայտնի փաստաբանի հայտարարությունը։ Նա նկարագրել է այն սարսափելի պայմանները, որոնցում գտնվում են հայ բանտարկյալները Բաքվում։ Կցանկանայի հարցնել՝ ի՞նչ գործողություններ եք պատրաստ ձեռնարկել՝ գնահատելու համար արդեն իսկ խախտված մարդու իրավունքները, կանխելու հետագա չարաշահումները և ապահովելու հայ բանտարկյալների նկատմամբ արդար վերաբերմունքն ու պաշտպանությունը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի համաձայն»:
ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը հայտարարել է, որ հայ գերիների վիճակն իր համար առաջնահերթություն է։ «Հեռավորության վրա ես մեծ ուշադրությամբ հետևում եմ, թե ինչ պայմաններում են հայ գերիները պահվում Բաքվում և ինչ փորձությունների են ենթարկվում»,-ասել է նա: