ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Բանակցություններ են ընթանում, որպեսզի օդանավը այսօր վերադառնա Երևան. Ավինյանը՝ առևանգված օդանավի մասին

Բանակցություններ են ընթանում, որպեսզի օդանավը այսօր վերադառնա Երևան. Ավինյանը՝ առևանգված օդանավի մասին

Օդանավի թռիչքի վերգետնյա սպասարկման, թռիչքի կազմակերպման և թույլտվությունների ստացման գործընթացի պատասխանատուն հանդիսանում է  միայն ու միայն շահագործող ընկերությունը։ Այս մասին ԱԺ-ում ասաց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով՝ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանի դիտարկմանը, որ Հայաստանից առևանգվել է ինքնաթիռ և Կառավարության կողմից որևէ հոդաբաշխ բացատրություն չտրվեց:

Փոխվարչապետը նշեց, օդանավի հետ կապված անհրաժեշտ աշխատանքների իրականացման նպատակով Fly Armenia Airways ընկերությունը պաշտոնապես դիմել է կոմիտե, որպեսզի Էստոնիայի Տալլին քաղաքից Ուկրաինայի «Գոստոմել» օդանավակայան մեկ դատարկ տեղափոխական թռիչքի թույլտվություն ստանալ՝ կրելով թռիչքի ամբողջ պատասխանատվությունը, ինչը չի հակասում միջազգային ավիացիոն որևէ պահանջի:

«Սակայն նշված օդանավը, խախտելով կոմիտեի կողմից նախապես տրամադրված թռիչքի ուղղության վերջնակետի թույլտվությունը, իրականացրել է թռիչք, ոչ իրեն նախապես տրված թույլտվության համաձայն այլ դեպի «Վառնա» օդանավակայան, այնուհետև ուղղություն է վերցրել դեպի Շարժա, սակայն դեռևս չպարզված հանգամանքներում վայրէջք է կատարել Իրանի «Մեհրաբաթ» օդանավակայանում։

Թե՛ օդաչուական անձնակազմի, թե՛ իրանական կողմի ավիացիոն իշխանությունների հավաստիացմամբ՝ վայրէջքը կրել է տեխնիկական բնույթ, ըստ նախնական տեղեկատվության՝ եղել են վառելիքի հետ կապված խնդիրներ: Հենց այս պահին բանակցություններ են ընթանում, որպեսզի օդանավը այսօր վերադառնա Երևան»,-ասաց նա:

  • Կիսվել: