երկուշաբթի, հուլիս 13
13 / 7 / 2026
Այս տեղեկատվական տեռորի նպատակը կառավարության հրաժարական պահանջելն է. Գայանե Աբրահամյան

Այս տեղեկատվական տեռորի նպատակը կառավարության հրաժարական պահանջելն է. Գայանե Աբրահամյան

Հայաստանը և մեծ հաշվով ամբողջ աշխարհը գտնվում են պատերազմական իրավիճակում, և բոլորիս գործողությունները և հանրային, և պետական մոբիլիզացիան ու գործողությունները պետք է այս ելակետից լինեն: Այս մասին այսօր ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը:

Ըստ պատգամավորի, ընդդիմադիր գործիչների, ուժերի, քաղաքական հայտ ներկայացրած խմբակների գնահատականները, գործողությունները նաև պետք է գնահատվեն հենց այս տեսանկյունից:

«Պատերազմական վիճակ է ոչ միայն համավարակի տեսանկյունից, այլ նաև տեռոր է հայտարարված ապատեղեկատվության, տեղեկատվական տեռորի են ենթարկում մեր հասարակությանը, որը սարսափելի է այն տեսանկյունից, որ ուղղակիորեն վնասում է թե պետական անվտանգությունը, թե հանրային անվտանգությունը, հանրային առողջությունը: Սա իրապես լուրջ խնդիր է: Այս տեղեկատվական տեռորը մեծ հաշվով ուներ նպատակ դեռևս մարտից սկսած և այդ նպատակը հենց այն էր, որ այս օրերին տեսնում ենք՝ կառավարության հրաժարական պահանջելը»,- ընդգծեց Գայանե Աբրահամյանը

Նրա խոսքով, համավարակի այս իրավիճակի համար իշխանությունը մեղավորներ չի փնտրում։

«Որևէ մեկը մեղավոր չէ: Ընդհանրապես, երկրում տեղի ունեցող բոլոր գործողությունների համար առաջին պատասխանատուն, այո, կառավարությունն է և կառավարող ուժն է, բայց մենք գտնվում ենք մի իրավիճակում, երբ համավարակի ցանկացած խնդիր և ցանկացած լուծում, որ առաջարկում են պարետատունն ու պատկան մարմինները, պետք է գտնի հասարակության մեջ արձագանք: Եթե այդ արձագանքը չի գտնում, ապա այդ գործողությունների արդյունավետությունն էապես նվազում է: Սա մեղադրանք չէ հասարակությանը, այլ  մեղադրանք է այն ամբողջ նաև տեղեկատվական սարսափելի աղբը, որ լցվում է այսօր»,- նշեց նա։

Գայանե Աբրահամյանի խոսքով, ընդամենը մեկ ժամ առաջ որոշ մարդիկ հանրությանը կոչ էին անում դիմակ չկրել, այն դեպքում երբ դիմակ կրելն այս փուլում և այս իրավիճակում վիրուսի տարածման այս պայմաններում վարակի տարածման դեմ կարևոր միջոցներից մեկն է:

«Դրա դեմ խոսել նշանակում է ուղղակիորեն գործել հանրային անվտանգության, պետական անվտանգության դեմ»,- նշեց նա:

  • Կիսվել: