երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Այսօր շարունակում ենք մեր իրազեկման անժամկետ ակցիան․ Վանեցյան

Այսօր շարունակում ենք մեր իրազեկման անժամկետ ակցիան․ Վանեցյան

Գիշերն անցել է հանգիստ, որևէ արտառոց դեպք տեղի չի ունեցել։ Այս մասին Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը՝ հավելելով, որ օրվա ավարտին, ըստ անհրաժեշտության, կիրականացնեն այս կամ այն ակցիան:

«Այսօր շարունակում ենք մեր իրազեկման անժամկետ ակցիան. Ազատության հրապարակում լինելու են տարբեր քննարկումներ, դասախոսություններ»,- հայտնեց Վանեցյանը։

Խոսելով հայ-թուրքական հարաբերությունների մասին, Արթուր Վանեցյանը նախ հիշեցրեց թուրքական իշխանությունների հայտարարությունները, ըստ որի, եթե հայերն ուզում են կարգավորել հարաբերությունները, պետք է հրաժարվեն  Հայոց ցեղասպանության ճանաչումից, պահանջատիրությունից։

«Առհասարակ խոսվում է այն մասին, ոչ ուղիղ տեքստով, որ մեր Սահմանադրութունը պետք է փոփոխվի։ Սահմանադրության հիմքը Անկախության հռչակագիրն է, որի մեջ հստակ գրված է, որ Հայաստանը պահանջատեր է ու անելու է ամեն ինչ Ցեղասպանությունը ճանաչելու համար։ Այս իշխանությունները որևէ կերպ չեն արձագանքում Թուրքիայի այդ հայտարարություններին, ընդհակառակը՝ նախաձեռնել են սահմանադրական բարեփոխումների գործընթաց, եթե չընդվզենք, եթե չպայքարենք, իրենք անպայման այդ  փոփոխությունը կանեն»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը:

Նրա խոսքով, այս իշխանությունը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ որևէ քայլ չի արել. «Արված է մեկ քայլ, որ վարչապետի աթոռը զբաղեցնող անձը հայտարարում է, որ Ցեղասպանության ճանաչման հարցը Սփյուռքի հարցն է։  Դա հերթական անհեթեթ հայտարարությունն է, որն ուղղակի անթույլատրելի է։  Ֆանտաստիկայի ժանրից է, որ կարող է Հայաստանի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող անձը նման հայտարարություն անել»,- ասաց Վանեցյանը:

Ընդդիմադիր քաղաքական գործիչը նշեց, որ կարևորում է հասնել նրան, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչվի ողջ  աշխարհի կողմից, հատկապես  Թուրքիան ընդունի իր մեղքն ու ներողություն խնդրի հայ ժողովրդից։

  • Կիսվել: