ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Այս էջը պետք է փակել․ Արմեն Սարգսյանի ամանորյա ուղերձը

Այս էջը պետք է փակել․ Արմեն Սարգսյանի ամանորյա ուղերձը

 

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդես է եկել ամանորյա ուղերձով:

Ուղերձում, մասնավորապես, ասվում է. «2020 թվականը ծանրագույնն էր մեր նորօրյա պատմության մեջ` ծանր իր կորուստներով, իր հետևանքներով, իր դասերով: Ցանկանում եմ ևս մեկ անգամ շեշտել` մեր ժողովուրդը չի պարտվել, զինվորը չի պարտվել, ազգը չի պարտվել: Մեր ժողովուրդը պատերազմի ընթացքում ցույց տվեց բացառիկ հերոսություն, խիզախություն, տոկունություն: Պատերազմի արդյունքը և այսօրվա իրավիճակը պետական կառավարման տարբեր ոլորտներում անկազմակերպվածության և ոչ պրոֆեսիոնալիզմի արդյունք էր: Այս էջը պետք է փակել:

Խոնարհվում եմ մեր նահատակված հերոսների հիշատակի առջև, ապաքինում եմ մաղթում մեր վիրավորներին, նրանք մեր ամենօրյա ուշադրության կարիք ունեն: Երախտիքս եմ հայտնում զինվորի թիկունքը ամուր պահած մեր հայրենակիցներին:

Պետությունը պարտավոր է գործադրել բոլոր ջանքերը գերիներին շուտափույթ վերադարձնելու, անհետ կորածների ճակատագիրը պարզելու ուղղությամբ:

Կառավաությունը պարտավոր է ապահովել երկրի սահմանների և հատկապես սահմանամերձ համայնքների անվտանգությունը: Մեր հետագա ճանապարհը բարդ է և փորձություններով լի: Բայց և ունենք դժվարությունները հաղթահարելու փորձ: Միասնությունը և համախմբվածությունը այլընտրանք չունեն: Մեր զոհված հերոսների հիշատակը պարտավորեցնում է համայն հայությանը համախմբվել Հայրենիքի շուրջ:

Ներկա իրավիճակը հաղթահարելու համար պետք է ունենալ հստակ տեսլական և իրատեսական ծրագիր և այն գործի դնել այսօր: Ցանկացած խոսք ու խոստում իզուր են, եթե յուրաքանչյուրս մեր տեղում չենք:

Երեսուն տարի առաջ պետականությունը մեզ համար երազանք էր, այս տարի մենք նշելու ենք մեր անկախության երեսունամյակը: Այն մենք պետք է նշենք արժանապատվորեն: Պետք է ամուր պահենք մեր պետականությունը, ինքնիշխանությունը, ազգային և հոգևոր արժեքները: Ինքներս պետք է կարգի բերենք մեր տունը: Մեր ապագան մեր ձեռքերում է: Այլևս իրավունք չունենք ապրել իրականությունից կտրված, ապրել ֆեյսբուքյան, վիրտուալ իրականությունում: Մենք պետք է մեր ջանքերը նպատակաուղղենք իրական խնդիրների լուծմանը, փոխենք մեր մտածելակերպը, նորովի ձևավորենք մեր ազգային և պետական հայեցակարգը և վերարժեվորենք մեզ և մեր ունեցածը, վերակառուցենք պետական կառավարումը, տնտեսությունը, դիվանագիտությունը, բանակը, կրթությունը, գիտությունը հանուն Հայաստանի և Արցախի ապագայի, հանուն Հայրենիքի հանդեպ Սփյուռքի հավատի ամրապնդման:

Հայ ժողովուրդը իր պատմության մեջ ունեցել է փառահեղ էջեր և ցավալի պարտություններ: Մեր այսօրվա գոյությունը ինքնին հաղթանակի ապացույց է: Ես վստահ եմ հայերը և Հայաստանը դեռ կտոնեն հաղթանակներ:  

Եվ թող 2021 թվականը համախմբի մեզ և ամուր պահի մեր համերաշխությունը, հույսը, հավատը և սերը: Խաղաղություն ու բարեկեցություն Հայաստանին, Արցախին, Սփյուռքին, մեր ընտանիքներին և ողջ ժողովրդին: Աստված պահապան բոլորիս: Շնորհավոր նոր տարի»:   

 

  • Կիսվել: