երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Այնտեղ պահում էինք ռազմաճակատի խրամատը, այստեղ պահում ենք այն, ինչի համար կռվել ենք․ Մնացական Ավետիսյան

Այնտեղ պահում էինք ռազմաճակատի խրամատը, այստեղ պահում ենք այն, ինչի համար կռվել ենք․ Մնացական Ավետիսյան

Անկախության սերնդի ներկայացուցիչներին կոչ եմ անում այսօր 19։30-ին գտնվել Ազատության հրապարակում՝ գեներացնելու մեր գաղափարները՝ կապված Արցախը որպես բացարձակ արժեք ընկալելու, հարկ եղած դեպքում նաև պաշտպանելու համար։ Այս մասին այսօր Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց 44-օրյա պատերազմի մասնակից, «խզված ձայնով» տղան՝ Մնացական Ավետիսյանը, ով ավելի վաղ հայտարարել էր, որ աջակցում է հացադուլ հայտարարած երիտասարդներին։

«Մեր նպատակն է հավաքել անկախության սերնդին։ Պետք է հասկանան անկախության սերնդի և ընդհանրապես, մեր հայրենակիցների գաղափարները, մտածելակերպը և ցանկություններն Արցախի կարգավիճակի շուրջ», - ասաց Մնացական Ավետիսյանը։

Նա ընկերներին կոչ արեց դադարեցնել հացադուլը.

«Հուսով եմ, որ այսօր ականատես կլինենք ավելի լայն շերտերի արձագանքի։ Կարծում եմ, որ այն խնդիրը, որն ի սկզբանե դրել էին Արթուրը և Նվերը, հասունանում է, աճի գրանցման փուլում է»։

«Արցախում պատերազմի ժամանակ մենք պահում էինք ռազմաճակատի խրամատը, այստեղ պահում ենք այն, ինչի համար կռվել ենք։ Մենք հիմա փորձում ենք հասկանալ կհավաքվի՞ Արցախի ճակատագրով  մտահոգված երիտասարդների  կրիտիկական զանգվածը, թե ոչ»

Մնացական Ավետիսյանը նշեց, որ ամեն օր լինելու է Ազատության հրապարակում՝ հացադուլ իրականացնող տղաների կողքին։

  • Կիսվել: