երկուշաբթի, հուլիս 13
13 / 7 / 2026
Այնպես են խոսում, կարծես ոստիկանությունը այս երկրի թիվ մեկ թշնամին է, ոչ բեսպրեդելն է այս երկրի թիվ մեկ թշնամին․ Փաշինյան

Այնպես են խոսում, կարծես ոստիկանությունը այս երկրի թիվ մեկ թշնամին է, ոչ բեսպրեդելն է այս երկրի թիվ մեկ թշնամին․ Փաշինյան

Ոստիկանությունը այսօր Հայաստանի Հանրապետությունում չպետք է վախենա գործել, ոստիկանությունը այսօր պետք է իր իրավասության սահմաններում գործի, գործի դուխով, գործի վստահ, բայց նաև օրինական, այսօր Ազգային ժողովի հատուկ նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Լուսավոր Հայաստանի պատգամավորներից Աննա Կոստանյանի հարցերին։

Պատգամավորը հղում անելով համացանցում հայտնված մի տեսանյութի, ասաց, որ Սպիտակում ոստիկանները բռնի ուժ են կիրառում քաղաքացու նկատմամբ և հետաքրքրվեց՝ ի՞նչ է կարծում այդ մասին։

Ի պատասխան վարչապետն ասաց, որ տեսանյութը չի տեսել, դեպքին ծանոթ չէ, չի կարող դրա մասին գնահատականներ հնչեցնել, բայց հորդորեց պատգամավորին ուղարկել իրեն տեսանյութը, որպեսզի հասկանան կատարվածի հանգամանքներն ու փորձեն լուծել եթե խնդիր լինի։ Պատգամավորի այս հայտարարությունը առիթ էր, որ Փաշինյանը վրդովվի։

Ըստ նրա, տպավորություն է, որ ոստիկանությունը «պետք է պատերի տակով թաքուն ման գա», մինչդեռ հակառակը՝ կանոնները խախտողները և հանցագործները պետք է պատերի տակով ման գան։

«Այնպես են խոսում, կարծես ոստիկանությունը այս երկրի թիվ մեկ թշնամին է, ոչ բեսպրեդելն է այս երկրի թիվ մեկ թշնամին, և այդ բեսպրեդելի մթնոլորտ տարածողները պետք է մտնեն իրանց ծակերը, ընդհանրապես։ Ի՞նչ է նշանակում ոստիկանը գա ասի՝ պետք է դիմակ կրել, սկսեն հետը լեզվակռիվ տալ, հոխորտալ։ Ոչ մեկ չի կարա․․․ այո պետք է բերման ենթարկվեն, որտեղ պետք է ու կիրառվի։ Շղթայական ռեակցիա կա, որի դեպքում ուժ կիրառվում է։ Ես կարծում եմ, որ այս վերջին երկու տարիների ընթացքում ոստիկանությունը, Ազգային անվտանգության ծառայությունը շատ քիչ են ուժ կիրառել ոմանց նկատմամբ և ոմանց նկատմամբ պետք է այնպես ուժ կիրառեն հեսա շատ շուտով, որ ծպտունները դուրս չգա», -հայտարարեց վարչապետը։

  • Կիսվել: