երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Արվելու է ամեն ինչ՝ Ադրբեջանի հետ համաձայնության հասնելու համար. Արման Եղոյան

Արվելու է ամեն ինչ՝ Ադրբեջանի հետ համաձայնության հասնելու համար. Արման Եղոյան

Բանակցությունները անդրադառնում են հայ-ադրբեջանական հարաբերությունների ամբողջ սպեկտրին, ինչքան չլուծված հարց կա: Այս մասին այսօր՝ մայիսի 2-ին, Աժ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք Վաշինտոնում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունների արդյունքում ադրբեջանցիները կհանեն անցակետը:

«Բնականաբար, այդ բոլոր հարցերով արվելու է ամեն ինչ՝ համաձայնության հասնելու համար, հայկական կողմերի համար շահավետ լուծման, իրենք էլ, բնականաբար, իրենց համար շահավետ լուծման»,-ասաց նա:

Հարցին՝  հնարավո՞ր է նոր զիջումներ լինեն, քանի որ բանակցությունները, սովորաբար, ի օգուտ Հայաստանի չեն լինում՝ Եղոյանը պատասխանեց. «Ես համաձայն չեմ, որ բանակցություններն ի օգուտ Հայաստանի չեն եղել, պատերազմն ի օգուտ Հայաստանի չի եղել»։

Անդրադառնալով նրան, որ «Ամերիկայի ձայնը» հրապարակել էր, որ համապարփակ համաձայնագրի շուրջ ընթացող բանակցություններում քննարկվող հարցերից մեկը երկու երկրներում էթնիկ փոքրամասնությունների իրավունքների ու անվտանգության հարցն է, Եղոյանն ասաց, որ «Ամերիկայի ձայնը» այդ լուրն արդեն հեռացրել է. «Ամերիկայի ձայնը» հղում էր անում պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյա իր աղբյուրին, եւ այդ լուրը սկզբնաղբյուր կայքում հեռացվել է, ինչը վկայում է այդ լուրի արժանահավատության մասին»:

Ճշտող հարցին, թե արդյոք Արցախի հարցը չի իջեցվել էթնիկ փոքրամասնությունների իրավունքների մակարդակին, նա արձագանքեց. «Բանակցություններ են ընթանում եւ բանակցություններում ցանկացած կողմ ցանկանում է իր համար առավելագույնը ստանալ»:

  • Կիսվել: