Արտակարգ դրության ժամկետը երկարացվեց 30 օրով
Կառավարությունն այսօր՝ հունիսի 12-ի իր արտահերթ նիստում որոշում կայացրեց 30 օրով՝ մինչև հուլիսի 13-ը ժամը 17։00-ն երկարաձգել արտակարգ դրության տռեժիմը։
Սահմանափակումները մնում են ուժի մեջ: Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից համաճարակաբանական լարված իրավիճակ ունեցող երկրների ցանկ սահմանված լինելու դեպքում, այդ երկրներից ժամանող անձանց նկատմամբ կիրառվում է մեկուսացում կամ նրանց կարող է հրահանգվել անցնել ինքնամեկուսացման:
«Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակը շարունակում է սպառնալ բնակչության կյանքին ու առողջությանը և կարող է հանգեցնել անձանց կենսագործունեության բնականոն պայմանների խախտման։
2020 թվականի մարտի 16-ին արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքները դեռևս չեն վերացել, որի մասին են վկայում, մասնավորապես, հունիսի 12-ի դրությամբ հաստատված կորոնավիրուսային հիվանդության դեպքերը, ինչպես նաև այն, որ Հայաստանի Հանրապետությունում վարակի հետագա տարածումը և վարակի դեպքերի թվի աճը շարունակում են սպառնալ մարդկանց կյանքին ու առողջությանը»,- ասված է որոշման մեջ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քվեարկությունից հետո հայտարարեց, որ ավելի ուշ տեղի կունենա ԱԺ հատուկ նիստ, որտեղ հարցը մանրամասն կքննարկվի:


