ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Արսեն Թորոսյանը «ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի» տնօրեն է նշանակել Հարկայինի նախկին ծառայողին, որը որևէ կապ չունի առողջապահական համակարգի հետ

Արսեն Թորոսյանը «ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի» տնօրեն է նշանակել Հարկայինի նախկին ծառայողին, որը որևէ կապ չունի առողջապահական համակարգի հետ

«Փաստ» թերթը գրում է. «Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը պարբերաբար հայտնվում է տհաճ պատմությունների մեջ: Այս անգամ նախարարի թիրախում է հայտնվել «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը»: Հիշեցնենք, որ օրերս Թորոսյանն աշխատանքից ազատել է կենտրոնի երկարամյա տնօրեն, ոլորտի բացառիկ մասնագետ Սամվել Գրիգորյանին և այդ պաշտոնին նշանակել է Հարկայինի օպերատիվ վարչության նախկին աշխատակից Արթուր Բերբերյանին, որը որևէ առնչություն չունի առողջապահական համակարգի հետ:

Եվ սա առաջին դեպքը չէ, երբ Արսեն Թորոսյանն աշխատանքից ազատում է բժիշկ-կառավարիչների և նրանց փոխարեն պաշտոնների է նշանակում ոլորտի հետ կապ չունեցող մարդկանց, այդ թվում՝ իր մերձավոր շրջապատից:

Նշենք, որ երեկ ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի գրեթե ողջ անձնակազմը աշխատանքից ազատման կոլեկտիվ դիմում է գրել՝ հայտարարելով, որ ստեղծված իրավիճակի ողջ պատասխանատվությունը կրում է Առողջապահության նախարարությունը: Բացի տնօրենի փոփոխությանը դեմ լինելուց, կենտրոնի մասնագետներն անընդունելի են համարում ՁԻԱՀ-ի կենտրոնը «Նորքի» ինֆեկցիոն հիվանդանոցին միավորելու՝ նախարարի միանձնյա որոշմանը: Մեզ հետ զրույցում համակարգի մի շարք մասնագետներ հույս էին հայտնում, որ Թորոսյանն ավելի շուտ կհեռացվի համակարգից, քան նրան կհաջողվի անդառնալիորեն քանդել առողջապահության ողջ համակարգը»:

  • Կիսվել: