Առնվազն երկու կողմ կա, որոնք չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան
Այստեղ առնվազն երկու կողմ կա, որոնք շահագրգռված են կամ չէին ցանկանա, որ Հայաստանում անցկացվեր այդ միջոցառումը: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 27-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ է Հայաստանը դիմել ԵԱՏՄ նիստը Երևանի փոխարեն Սանկտ Պետերբուրգում անցկացնելու խնդրանքով, թեև ԵԱՏՄ-ում նախագահողը Հայաստանն է։
Ըստ Ա. Խարատրյանի, առաջին պատճառը կարող է այն լինել, որ Հայաստանը վավերացրել է Հռոմի ստատուտը և պարտավորված է կատարել այն, ինչ որ պահանջված է։
«Օրինակ, երբ Ռուսաստանի նախագահը մեկնել էր Մոնղոլիա, Մոնղոլիան բավականաչափ մեծ ճնշման տակ հայտնվեց։ Հիմա Հայաստանի իշխանությունները, հավանաբար, չէին ցանկանա նման ճնշման տակ հայտնվել»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Նա նաև չի բացառում, որ նախաձեռնությունը հյուսիսից է եկել, որ ասել են. «Դե դուք դա ընդունել եք, դուք էլ տակից դուրս եկեք, որովհետև ՌԴ ներկայացուցիչները ԵԱՏՄ-ի ամառվա հավաքին մասնակցեցին, երբ վարչապետներն էին հավաքվել Հայաստանում»:
Խաչատրյանը հիշեցրեց, թե ինչպես էր ՀՀ իշխանությունը բացատրում Հռոմից ստատուտը վավերացնելու անհրաժեշտությունը. «ՔՊ-ականները, ջանասիրաբար, բերանին փրփուռներ, ասում էին՝ մենք դա պետք է վավերացնենք, որպեսզի Ադրբեջանի ռազմական հանցագործներին՝ Ալիևից սկսած, կարողանանք դատի տալ։ Հիմա վավերացրեցին, դրանից մի քանի շաբաթ հետո ես արդարադատության այն ժամանակվա նախարարին հարցրեցի՝ «Լավ, դե հիմա ի՞նչ եք արել, վավերացրել եք արդեն»։ Դեմագոգիկ պատասխան տվեց, որ որևէ բան չկա։ Եվ հիմա էլ մի տարի է անցել է և որևէ քայլ չենք տեսնում։ Այսինքն, հերթական անգամ իշխանությունները խաբել և մոլորեցրել ժողովրդին: Այդ քայլով մենք ոչ մի բան էլ չշահեցինք»,- հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը:
Նա նկատեց, որ եթե երկու անգամ ԵԱՏՄ նիստը Երեւանում չի կայանում, դա նշանակում է, որ մեր երկիրը վստահելի չէ:
Նշենք, որ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը տեղի կունենա դեկտեմբերի 25-ին Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում։ Այն կվարի Նիկոլ Փաշինյանը, քանի որ 2024 թվականին ԵԱՏՄ-ում նախագահում է Հայաստանը։
ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովն ասել է. «Դեկտեմբերի 25-ին Սանկտ Պետերբուրգում կկայանա նաև Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը։ Հայկական կողմի խնդրանքով՝ հանդիպումը կազմակերպվում է Ռուսաստանում»։
Միջազգային քրեական դատարանը 2023 թվականին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու միջազգային օրդեր է տվել, ինչը ենթադրում է, որ Հռոմի ստատուտը վավերացրած երկրները պետք է ձերբակալեն ՌԴ նախագահին, եթե նա այցելի այդ երկրներ։