ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի ներկայացուցիչներին

Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի ներկայացուցիչներին

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի ներկայացուցիչներին: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Ամերիկայի առևտրի պալատի անդամները ներկայացրել են իրենց գործունեությունը, հիմնական ծրագրերն ու առաջիկա անելիքները: Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի տնտեսական և հարակից ոլորտների խնդիրներին ու մարտահրավերներին: Նախագահ Սարգսյանը ողջունելի է համարել երկրի զարգացմանն ուղղված յուրաքանչյուր առաջարկություն՝ պատրաստակամություն հայտնելով իր հնարավորությունների սահմաններում աջակցել դրանց:

Նախագահ Սարգսյանը խոսել է նաև նախագահական նախաձեռնությունների մասին՝ մասնավորապես առանձնացնելով Հայաստանում նորագույն տեխնոլոգիաների և գիտության զարգացմանն ուղղված՝ ATOM (Advanced Tomorrow) ծրագիրը:

Նախագահն անդրադարձել է նաև այս տարի Հայաստանում անցկացվելիք «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ին, որը մասնավորապես նվիրված է լինելու արհեստական բանականությանն ու աշխարհաքաղաքական ռիսկերին, ինչպես նաև Horasis-China միջազգային համաժողովին, որի շրջանակում Հայաստան կայցելեն մի քանի տասնյակ չինական ընկերություններ։

  • Կիսվել: