երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Որոշ ընդդիմադիր գործընկերներ դատավորի թեկնածուի ընտրության քննարկումը վերածեցին քաղաքական պինգ-պոնգի հերթական դրվագի․ Հայկ Կոնջորյան

Որոշ ընդդիմադիր գործընկերներ դատավորի թեկնածուի ընտրության քննարկումը վերածեցին քաղաքական պինգ-պոնգի հերթական դրվագի․ Հայկ Կոնջորյան

Արդարադատությունը պիտի ունենա մարդկային դեմք, և ժողովրդի իշխանությունը պետք է մարդկային լեզվով մարդկանց հետ խոսելու առիթներ ունենա նաև արդարադատության ու դատարանների միջոցով: Այդ մասին Ազգային ժողովում ԲԴԽ քրեական և քաղաքացիական պալատների դատավորների թեկնածուների ընտրության համար կազմակերպված քննարկման ավարտին ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:  

«Ցավոք, մեր ընդդիմությունն ավանդույթի պես ներկա չէ հարցերի քննարկման մեծ մասում, և երեկ որոշ ընդդիմադիր գործընկերներ դատավորների ընտրությունների քննարկումը վերածեցին քաղաքական պինգ-պոնգի հերթական դրվագի և թիրախավորեցին մեր որոշ թեկնածուների՝ ըստ իրենց քիմքի, որովհետև երեկ այստեղ ընդդիմության տարբեր ներկայացուցիչներ այս ամբիոնից ելույթներ էին ունենում, և եթե միայն ռադիոյով լսեինք, կթվար միայն՝ Ֆեմիդան է ելույթ ունենում, որովհետև, արդարադատության կանթեղը վառ պահած՝ փորձում էին խոսել արդարությունից և արդարադատությունից, բայց այն մարդկանց ներկայացուցիչներն էին, որոնք տարիներ շարունակ ասպատակել էին դատական իրավունքը, և այստեղ հրապարակում էին իրենց սիրելի և չսիրելի դատավորների անուններ: Դա չափազանց անընդունելի վարքագիծ է, որովհետև սա դատավորներին թիրախավորելու անընդունելի քայլ է: Ընդ որում՝ թիրախավորում էին ոչ միան նրանց, ում քննադատում էին, այլև թիրախավորում են նրանց, ում սիրում են, որովհետև դեռ հարց է՝ ինչից պետք է ավելի շատ վախենալ, երբ ընդդիմությունը ինչ-որ մեկին չի՞ սիրում, թե՞ երբ ինչ-որ մեկին սիրում է»,- ասաց Կոնջորյանը, ապա հավելեց. «Ամբիոնից սիրելիների և չսիրելիների անուններ հնչեցնել այն տրամաբանությամբ, որովհետև ստացել եք հանձնարարություն պատրոնի կողմից, և պատրոն-կլիենտ հարաբերությամբ դիտարկել դատաիրավական համակարգը անընդունելի է»:

Կոնջորյանը նաև ուղերձ հղեց դատական իշխանության ներկայացուցիչներին՝ կոչ անելով չենթարկվել քաղաքական ճնշումների և սպառնալիքների:

Ինչ վերաբերում է դատավորի չընտրված թեկնածուներին, ապա ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարը նշեց, որ դա չի նշանակում, որ չեն գնահատվում նրանց մասնագիտական կարողությունները:

«Բոլորն էլ գնահատված են, բոլորն էլ սպասված են, և շատ գնահատում ենք այն քննարկումը, որն այստեղ է տեղի ունենում»,- եզրափակելով ելույթը՝ ասաց Կոնջորյանը:

  • Կիսվել: