Եթե անկեղծ սրտով աղոթեք, դա ավելի շատ քաղաքական կշիռ կունենա, քան ձեր ուղերձի տեքստը. Կոնջորյանը՝ ընդդիմությանը
Մեր գործընկերները, որպեսզի իրենց հետևորդներին բացատրեն իրենց կողմից նախաձեռնված անհեռանկար գործընթացը, ներկայացնում են, թե իբր քաղաքական մեծամասնությունը պարտավոր է գալ, այդ նիստը անցկացնել, բայց չի գալիս։ Այս մասին այսօր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անունից ունեցած ելույթում ասաց խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։
«Պարո՛ն Մինասյան, Դուք կուլտուրական մարդ, ով է Ձեզ հուշել, որ նման հայդուկավարի տեքստեր ասեք, ախր Դուք շատ լավ գիտեք Սահմանադրությունն էլ, կանոնակարգն էլ, օրենքն էլ։ Հիմա, որ մեզ մեղադրում եք, որ չենք գալիս նիստերին, մենք էլ պետք է ասենք, որ դուք ամիսներ շարունակ, աշխատավարձ էիք ստանում, բայց չէիք մասնակցում նիստերին։ Խորհրդի նիստերին ձեզ այնքան չենք տեսնում, դեմքներդ մոռանում ենք, ասում ենք՝ այս ովքեր են եկել, հետո մոտիկից նայում ենք, տեսնում ենք դուք եք»,- ասաց նա։
Անդրադառնալով ուղերձի տեքսին՝ Կոնջորյանն ասաց․ «Խրոխտ տեքստեր եք ասում, հրաժարականի պահանջ եք ներկայացնում, ասում եք ՔՊ-ից էլ քանի հոգի միացել են, վերջում բերում եք ուղերձի տեքստ, որը եթե ընդունվի էլ իրավական նշանակություն չունի։ Եթե անկեղծ սրտով աղոթեք, դա ավելի շատ քաղաքական կշիռ կունենա, քան ձեր ուղերձի տեքստը՝ ձեր նպատակադրումների համատեքստում, բայց դա էլ նորմալ չեք անում, Հայր մերն էլ, երևի, նորմալ չգիտեն ձեր մոտ։ Այն նարատիվը, որ ուղերձը խնդիր է լուծելու, բայց ՔՊ-ն չի գալիս ու այդ խնդիրները չեն լուծվում, դրանով անամոթաբար ստում եք ձեր հետևորդներին»։
Հիշեցնենք, որ խորհրդարանի ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններն երեկ միջնորդություն էին ներկայացրել Ազգային ժողովի խորհրդին՝ վաղը կամ մինչև հունիսի 17-ն արտահերթ նիստ գումարելու պահանջով՝ Ազգային ժողովի ուղերձը կառավարության հրաժարականի և նոր կառավարության ձևավորման մասին օրակարգով։ ՔՊ-ն դեմ է քվեարկել այդ նախաձեռնությանը և հայտարարել, որ ամսի 17-ին ևս իրենք չեն մասնակցի իրավունքի ուժով կայանալիք նիստին: