Արարատ Միրզոյանը մանրամասներ է ներկայացրել Ջեյհուն Բայրամովի հետ ունեցած հեռախոսազրույցից
Տեղի է ունեցել իմ և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հեռախոսազրույցը, որևէ գաղտնիք այդտեղ չկա: Այս մասին այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
«Հեռախոսազրույցը տեղի է ունեցել ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ: Քննարկել ենք այն, ինչը վերջին մեկ տարվա ընթացքում քննարկվել է և արձանագրվել է նաև Բրյուսելում երկրների ղեկավարների հանդիպման արդյունքներով՝ այն է սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ստեղծման մեխանիզմները, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքվելիք ենթադրյալ կարգավորման այդ պայմանագրին ուղղված բանակցությունների մեկնարկի շուրջ երկու կողմերի պատկերացումները»,- ասաց Միրզոյանը:
Հարց հնչեց նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի վերաբերյալ, որին ի պատասխան Միրզոյանն ասաց, որ պատկերացումները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության վերաբերյալ մնում են ամբողջությամբ ուժի մեջ.
«Մենք տեսնում ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում: Ըստ էության, այն կոնֆերանսը, որով հիմնադրվել է այդ ձևաչափը, այդ կոնֆերանսի որոշումն աշխահում ոչ ոք չի չեղարկել և այդ որոշումն ուժի մեջ է: Ցավոք սրտի, գիտեք որ համանախագահող երկրների միջև հարաբերություններն այս պահին հայտնի պատճառներով այդքան բարենպաստ չեն, որպեսզի նրանք երեքով կարողանան քննարկում կազմակերպել և մենք չենք կարող թույլ տալ, որ այդ առումով որևէ վակուում առաջանա»,- նշեց նախարարն ու հավելեց, որ ինքը ձեռնպահ կմնար «երկկողմ ձևաչափ» ձևակերպում տալուց՝ «երկկողմ ձևաչափ, ըստ էության գոյություն չունի, երկկողմ բանակացություններ չեն տեղի ունեցել, եղել է խոսակցություն բանակցությունների մեկնարկի մասին, ոչ թե բովանդակային բանակցություն»: