ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Առաջին հանդիպումից հետո մեծանում է հավանականությունը, որ ՀՀ-ն կընդունի Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցելու հրավերը. վարչապետ

Առաջին հանդիպումից հետո մեծանում է հավանականությունը, որ ՀՀ-ն կընդունի Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցելու հրավերը. վարչապետ

Մեծ է հավանականությունը, որ Հայաստանն Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցելու հրավերը կընդունի։ Այս մասին այսօր առցանց մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ֆորմատ է ձեւավորվել, տեղի է ունեցել ներկայացուցիչների առաջին հանդիպումը, եւ եթե այդ դինամիկան պահպանվի, մեծ է հավանականությունը, որ Հայաստանի Հանրապետությունն այդ ֆորումին մասնակցելու հրավերը կընդունի.

Վարչապետն ասաց. ՛՛Իհարկե, ամեն ինչ կախված է այդ պահին առկա իրավիճակից, բայց, համենայն դեպս, առաջին հանդիպումից հետո մեծանում է հավանականությունը, որ Հայաստանը կընդունի այդ հրավերը։ Եթե խոսակցություն է սկսվել, շատ անտրամաբանական կլինի, եթե մենք խոսելու այդ առիթը եւ հնարավորությունը բաց թողնենք։ Արձանագրենք, որ ողջ միջազգային հանրությունն աջակցում է Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների կարգավորմանը։ Ճիշտ է, խաղաղության օրակարգը մենք ենք բարձրաձայնում, բայց կարծում եմ՝ խաղաղության օրակարգը հետաքրքիր է բոլորին՛՛։

Անդրադառնալով հարցին, թե արդյոք հնարավո՞ր է այս տարի դիվանագիտական հարաբերությունների հաստատում Թուրքիայի հետ, եւ ինչպե՞ս կմեկնաբանի առաջին ռաունդի արդյունքները՝ Փաշինյանը պատասխանեց. ՛՛Առաջին ռաունդն այսպես ասած՝ բացման փուլ է, որտեղ ընդամենը ծանոթություն է տեղի ունենում, քննարկում է տեղի ունենում տեխնիկական հարցերի շուրջ եւ իհարկե մթնոլորտ է ձեւավորվում։ Այն, որ կողմերը համաձայնվել են առանց նախապայմանների քննարկման, դա արդեն շատ էականորեն լիցքաթափում է գործընթացի շուրջ լարվածությունը եւ նեգատիվ մթնոլորտը՛՛։

Վարչապետը հավելեց, որ չի կարող կանխատեսել՝ այս տարի դիվանագիտական հարաբերությունների հաստատում տեղի կունենա, թե՝ ոչ. ՛՛Տրամաբանական կլինի, եթե օրինակ՝ մենք հասնենք այդպիսի արդյունքի, մասնավորապես, դիվանագիտական հարաբարերությունների հաստատման եւ սահմանների բացման։

Պրոցեսը միջազգային հանրության ուշադրության կենտրոնում է, ես տեսնում եմ, որ այդ միջազգային վերլուծություններում կարմիր գծի նման անցնում է՝ եթե այս պրոցեսը առանց կոնկրետ արդյունքի շատ երկար ձգվի, ինքն ուղղակի կդառնա սովորական մի բան, որի նկատմամբ եւ՛ կողմերը հետաքրքրությունը կկորցնեն, եւ՛ միջազգային հանրությունը։ Հիմնական խնդիրը հետեւյալն է, արդյոք եւ՛ Հայաստանը, եւ՛ Թուրքիան անկեղծորեն շահագրգռված են առանց նախապայմանների հարաբերությունները կարգավորել։

Ես մեր կողմից կարող եմ ասել՝ միանշանակ այո։ Ես հույս ունեմ, որ այդպիսի հնարավորություն կա, եւ եթե դա կա, կօգտագործվի։ Կարծում եմ, որ մեր կառավարությունն այդ հարցում ամենեւին էլ օրիգինալ չի, որովհետեւ ՀՀ-ի նախորդ բոլոր իշխանություններն այս դիրքորոշումն են ունեցել՛՛։

Խոսելով այն մասին, որ  2009 թվականին Ցյուրիխում Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ստորագրված արձանագրությունները դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին կյանքի չկոչվեցին Թուրքիայի կողմից հետագա առաջ քաշված նախապայմանների պատճառով, ուստի որքա՞ն է հնարավորությունը, որ այս անգամ Թուրքիան չի վարվի նման կերպ եւ բանակցությունների՝ թափ առնելուն պես նոր նախապայմաններ չի առաջադրի Հայաստանին, Փաշինյանն ասաց. ՛՛2009 թվականի արձանագրություններում, որոնք ստորագրվեցին, այնտեղ էլ նախապայման չկար, բայց հետագայում այլ կոնտեքստներով այո, նախապայմաններ ի հայտ եկան։ Մենք չենք կարող երաշխիքներ տալ, որ այդպիսի բան տեղի չի ունենա։ Ըստ էության, քաղաքական բանակցությունների հենց մեկնարկային կետից պրոցեսը թափանցիկ է, նախկինում երբեք չի եղել՛՛։

  • Կիսվել: