երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Անիի կամրջի նորոգումը հայ-թուրքական այսօրվա երկխոսության հետ կապ չունի․ դա վաղուց էր պլանավորվում. Գեղամ Մանուկյան

Անիի կամրջի նորոգումը հայ-թուրքական այսօրվա երկխոսության հետ կապ չունի․ դա վաղուց էր պլանավորվում. Գեղամ Մանուկյան

Հայ-թուրքական հաշտեցման գործընթացում հասարակությանը սուտ կեղծ հիմնազուրկ տեղեկություններով կերակրելու իշխանության գործողությունները պետք է բացահայտվեն: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

«3 օր շարունակ տեղեկություն է տարածվում, որ համաձայնություն է ձեռք բերվել Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ Անիի կամրջի վերանորոգման շուրջ: Չավուշօղլուն Արարատ Միրզոյանի ներկայությամբ իր խոսքում նշում է Մետաքսի ճանապարհի կամուրջը, այնինչ դա ընդհանրապես ընդունված է որպես Անիի պատմական կամուրջ:

Բայց դեռեւս 2017 թվականին Թուրքիայի մշակույթի եւ տուրիզմի նախարար Նուման Քուրթուլմուշը եւ ծովագնացության, կապի, տրանսպորտի նախարարը եղել են Կարսում, այցելել են Անիի պատմական հուշարձաններ, նաեւ կամրջի մոտ եւ խոսել են կամրջի ապագայի մասին: Բացի այդ, 2019-ին այդ մասին խոսել է Թուրքիայի բնապահպանության նախարարը, որ Մետաքսի ճանապարհը  շատ կարեւոր է եւ կմուրջը պետք է վերանորոգվի: 2019-ի հունիսի 23-ին Թուրքիայի տրանսպորտի նախկին նախարարը հայտարարություն է անում, որ Թուրքիայի Կարսի երկաթուղային վարչությունը մրցույթ է հայտարարել Անիի կամրջի վերանորոգման համար: Դրա մասին բազմաթիվ այլ աղբյուրներով Թուրքիայում հայտարարվել է նաեւ պաշտոնական գործողություններ են սկսվել կարմրջի վերանորոգման համար:

Այդ ժամանակ չկար հայ-թուրքական կարգավորման որեւէ գործընթաց, չկար 44-օրյա պատերազմ, որին ակտիվ մասնակցություն է ունեցել Թուրքիան: Այսօրվա հայ-թուրքական երկխոսության հետ Անիի կամրջի վերանորոգման աշխատանքները որեւէ կապ չունեն»,-ասաց Գեղամ Մանուկյանը:

Նա հիշեցրեց, որ վերջին օրերին հայկական համացանցում տարածվում են ինչ-որ նախագծեր, էսքիզներ Կարսի կամրջի հետ կապված, բայց 2019-ից այդ էսքիզները   թուրքական աղբյուրներում հրապարակվել են. «Դեռ 2020-ի հունիսի 29-ին հայկական մամուլում եղել են բազմաթիվ հրապարակումներ, որ Անիի պատմական կամուրջը վերանորոգվում է:  Սա հերթական անգամ վկայում է, որ հայ-թուրքական հարաբերություների «կարգավորման» գործընթացը լոկ ծխածածկույթ է, որը հրամցնում են մեր ժողովրդին, իբր տեղի են ունենում լուրջ գործընթացներ»,-ընդգծեց պատգամավորը:

  • Կիսվել: