շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Եվրադիտորդները Հայաստանում են, բայց երկրի ղեկավարը Տավուշում սպառնում է նոր պատերազմով. Գեղամ Մանուկյան

Եվրադիտորդները Հայաստանում են, բայց երկրի ղեկավարը Տավուշում սպառնում է նոր պատերազմով. Գեղամ Մանուկյան

1,5 տարի առաջ ԵՄ դիտորդների ժամանումը ներկայացնում էին որպես փրկության, մեր անվտանգության ապահովման նշույլներից մեկը, հիմա ողբերգություն է, որ այսօր, երբ ԱԺ-ում քննարկում ենք այս փաստաթուղթը, դրանից մեկ օր առաջ վարչապետի պաշտոնը զբաղեցնողը Տավուշում հայ ժողովրդին սպառնում էր նոր պատերազմով: Այս մասին այսօր ԱԺ-ում «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև Հայաստանում Եվրոպական միության առաքելության (ՀԵՄԱ) կարգավիճակի մասին» համաձայնագրի քննարկման ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանը:

«Եվրադիտորդները Հայաստանում են, բայց Տավուշում սպառնում են նոր պատերազմով, Հայաստանի նոր օկուպացիայով: Ի սկզբանե երբ ԵՄ դիտորդների հարցն առաջ եկավ, մեզ համար շատ կարեւոր էր այն մանդատը, որով գործելու էին ԵՄ դիտորդները։

Մեզ համար շատ կարևոր էր, հիմա էլ է կարեւոր, որ ԵՄ դիտորդների ներկայությունը ՀՀ տարածքում  չդիտվի աշխարհաքաղաքական բախումների գործիք, իսկ այդպիսի միտումներ կան»,-հայտնեց պատգամավորը և հիշեցրեց, որ  Ներքին Հանդում վերջին ողբերգական դեպքից հետ ՀՀ ԱԽ քարտուղարը հայտարարել էր, թե եվրադիտորդները չեն կարողացել Ներքին Հանդ գնալ, քանի որ այնտեղ ռուսներն են։

«Մեկ օր հետո ԱԱԾ-ն ասաց, որ Արմեն Գրիգորյանը ստում է, որևէ խոչընդոտ չկա»,-ասաց Գեղամ Մանուկյանը։

  • Կիսվել: