հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Անդրեա Վիկտորինը պատգամավորներին հանգամանորեն ներկայացրել է ԵՄ քաղաքացիական առաքելության նպատակները

Անդրեա Վիկտորինը պատգամավորներին հանգամանորեն ներկայացրել է ԵՄ քաղաքացիական առաքելության նպատակները

Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամներ Մերի Գալստյանը, Արսեն Թորոսյանը, Սոնա Ղազարյանը, Արմեն Գևորգյանը և Տաթևիկ Գասպարյանը հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանի գլխավորությամբ այսօր հանդիպել են Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի հետ:

Պատգամավորները շնորհակալություն են հայտնել Եվրոպական միությանը` ի դեմս տիկին դեսպանի, Հայաստան Եվրոպական միության առաքելություն գործուղելու, Եվրոպական խորհրդարանում վերջերս ընդունված զեկույցների և Հայաստանին տրամադրվող շարունակական աջակցության համար:

Անդրեա Վիկտորինը հանգամանորեն ներկայացրել է քաղաքացիական առաքելության նպատակները, ակնկալիքները նրանից և այլ մանրամասներ: Նա նշել է, որ առաքելության ներկայացուցիչների ուշադրության կենտրոնում կլինեն սահմանամերձ գոտիների բնակիչների առողջական, ֆիզիկական անվտանգության և այլ հարցեր:

Կողմերը քննարկել են «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա նախաձեռնությունը», որի սկզբնական բյուջեն առաջիկա 5 տարիների համար կազմում է շուրջ 51 մլն եվրո:

Շեշտվել է Սյունիքի և մյուս մարզերի բնակիչների համար իրականացվող ծրագրերի կարևորությունը: Անդրադարձ է կատարվել առողջապահական և կրթական ոլորտներին, ինչպես նաև խոցելի խմբերի ուղղությամբ տարվող աշխատանքներին` թե՛ գործադիր, թե՛ օրենսդիր մարմիններում:

Ազգային ժողովի ներկայացուցիչները հետաքրքրվել են նաև վիզաների ազատականացման գործընթացով, բարձրաձայնել Հայաստանում Շենգենյան մուտքի արտոնագիր ստանալու համար առաջ եկած խոչընդոտների մասին:

Օրակարգում են եղել նաև Հայաստան-Եվրոպական միություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացը, մի շարք ոլորտներում մեկնարկած բարեփոխումները, ինչպես նաև բազմաթիվ այլ հարցեր:

 

  • Կիսվել: