կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Անցնցում իշխանափոխություն այլընտրանք չունի. Թևանյան

Անցնցում իշխանափոխություն այլընտրանք չունի. Թևանյան

Ես ձեզնից մեկն եմ, որ ուզում է րոպե առաջ Նիկոլ Փաշինյանին վռնդել իշխանության համակարգից: Այս մասին այսօր Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ ասաց ՛՛Մայր Հայաստան՛՛ դաշինքի ղեկավար Անդրանիկ Թեւանյանը:

՛՛Մեզ անհրաժեշտ է արդյունք, որը ենթադրում է կազմակերպվածություն, կարգապահություն, թիմային աշխատանք: Ինձ ճիշտ հասկացեք, ես անկեղծ եմ ասում, մեր հակառակորդը, ավելի ճիշտ՝ թշնամին, ոչ միայն Նիկոլ Փաշինյանն է, այլեւ իրեն սատարող երկու պետությունները՝ Թուրքիան ու Ադրբեջանը: Հետեւաբար, մենք արդյունքի հասնելու համար ոչ թե պետք է ֆիդայական ջոկատներով, հախուռն գրոհներով, այլ կազմակերպված բանակով հաղթենք մեր թշնամուն: Մենք պատրաստ ենք մեզ դնել այս պրոցեսի զոհասեղանին, որովեհետւ եթե մենք հաղթանակ չունեցանք, չկարողացանք պաշտպանել Արցախը, Հայաստանը, կապ չի ունենալու, թե ով ինչ կարգավիճակ ունի, ով ինչպես է մտածում, ով ինչ կարիերա է անելու: Հետեւաբար, ես ձեզնից խնդրում եմ մաքսիմալ կազմակերպվածություն: Հավատացեք, իշխանափոխության գործընթացը նույնն է, ինչ ֆիզիկոսը իր լաբորատորիայում փորձեր անի, ինչ բժիշկը վիրահատություն անի: Սա գիտություն է, որ պետք է ճիշտ կազմակերպել ու արդյունքի հասնել: Ես համոզված եմ, որ մենք Նիկոլ Փաշինյանին վռնդելու ենք՛՛,-նշեց նա:

Փեւանյանի խոսքով՝ հաղթանակի հասնելու համար պետք է ապահովել զանգվածայնություն: ՛՛Յուրաքանչյուր մտահոգ մարդ պետք է իր շրջապատում քարոզ իրականացնի: Կոչս ուսանողությանը՝ ստիպեք ձեր դասախոսներին նույնպես դասադուլ իրականացնել եւ կանգնել Հայաստանի ու Արցախի օգտին: Ես համոզված եմ, որ մեր հանրությունն ուզում է անցնցում եւ հնարավորինս արագ իշխանափոխություն: Մի գրամ անգամ չկասկածեք, որ մենք նպատակասլաց ենք աշխատելու: Մենք շատ արագ կառուցվածքային տեսք ենք տալու այս պրոցեսին: Մենք պատրաստ ենք ձեռք սեղմել նաեւ նրանց, որոնք հայհոյել են մեզ տարբեր ներքաղաքական հարցերով: Նույնը ձեզ եմ խորհուրդ տալիս՛՛,-ասաց նա:

Անդրադառնալով Արցախի խնդրին՝ Թեւանյանն ասաց. ՛՛Դուք նույնիսկ չեք կարող օգնության հասնել Արցախին, որովհետեւ դա պետության գործն է, իսկ պետությունը զավթված է Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից: Թշնամին ներսից է: Մենք չենք կարող անգամ սովորական հաց ու ջուր հասցնել, որովհետեւ թշնամին փակել է մեր ճանապարհը ներսից ու դրսից՛՛:

Նա հայտարարեց, որ անցնցում իշխանափոխություն այլընտրանք չունի: ՛՛Ես պատրաստ եմ հայտնվել զոհասեղանին, բայց ապահովել արդյունք՛՛,-հայտարարեց Թեւանյանը:

  • Կիսվել: