ԱՄՆ-ն «Զանգեզուրի միջանցքի» ծրագրով ձգտում է մեծացնել իր ազդեցությունը Կովկասում. Բաքվում Իրանի նախկին դեսպան
Զանգեզուրի միջանցքը 100 տարով ամերիկյան մասնավոր ընկերությանը վարձակալության տալու վերաբերյալ Թուրքիայում ԱՄՆ դեսպանի վիճահարույց առաջարկից հետո, Ադրբեջանում Իրանի նախկին դեսպան Մոհսեն Փաքայինը ծրագիրը գնահատել է որպես Իրանի և Ռուսաստանի աշխարհաքաղաքական շահերին հակասող՝ ասելով. «ԱՄՆ-ն ձգտում է մեծացնել իր ազդեցությունը Կովկասում և մրցակցել Ռուսաստանի դեմ այս ծրագրով», գրում է parstoday.ir-ը:
Փաքայինը «Թաբնաք»-ին տված հարցազրույցում ընդգծել է. «Իրանը կողմ է Հարավային Կովկասում հաղորդակցության ուղիների բացմանը, բայց պայմանով, որ պահպանվի Հայաստանի ինքնիշխանությունը, և չխզվի Իրանի ցամաքային ճանապարհը դեպի Հայաստան»։
Ըստ Փաքայինի, ԱՄՆ-ն ձգտում է մեծացնել իր ազդեցությունը Կովկասում և մրցակցել Ռուսաստանի դեմ այս ծրագրով։ Թուրքիան, աջակցելով այս գաղափարին, ձգտում է ուղիղ տարածքային կապ ունենալ Ադրբեջանի հետ և ավելի մեծ ազդեցություն Կենտրոնական Ասիայում, բայց դա կխանգարի Իրանին կամ Հայաստանին օգուտ բերող երթուղիների բացմանը»։
Մյուս կողմից, Ռուսաստանը, որը դեռևս լայն ազդեցություն ունի Հայաստանում, այս ծրագիրը համարում է իր ռազմավարական շահերին հակասող և, ամենայն հավանականությամբ, դեմ կլինի դրան։
Միևնույն ժամանակ, Հայաստանի կառավարությունը հստակորեն հայտարարել է, որ չի ընդունում իր տարածքի վերահսկողության փոխանցումը երրորդ կողմին, և որ ենթակառուցվածքների վերաբերյալ բոլոր բանակցությունները պետք է տեղի ունենան այդ երկրի ազգային ինքնիշխանության շրջանակներում։
ՀՀ վարչապետի խոսնակը նույնպես մերժել է ԱՄՆ առաջարկը և ընդգծել է Հայաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և դատական իրավազորության պահպանման անհրաժեշտությունը։
Այս զարգացումները տեղի են ունենում այն ժամանակ, երբ վերլուծաբանները զգուշացրել են ամբողջ տարածաշրջանի համար այս ծրագրի աշխարհաքաղաքական հետևանքների մասին։ Մասնագետները կարծում են, որ եթե այս միջանցքը իրականացվի ամերիկյան մոդելով, Արևմուտքի և Ռուսաստանի միջև մրցակցությունը Կովկասում կթևակոխի նոր փուլ։


