Թուրքիան և Իրանը քննարկել են սահմանային անվտանգության հարցերը
Թուրքիայի ներքին գործերի նախարարի տեղակալ Ալի Չելիքը Անկարայում հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության ներքին գործերի նախարարի տեղակալ Ալի Աքբար Փուրժամշիդիանի հետ, գրում է ermenihaber.am-ը:
Հանդիպմանը քննարկվել են ահաբեկչության, կազմակերպված հանցավորության, թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի, սահմանային անվտանգության և նոր տեսակի հանցագործությունների դեմ պայքարի ոլորտներում երկու երկրների համագործակցության հարցերը։
Հանդիպումից հետո Ալի Չելիքը նշել է, որ կողմերը խորհրդակցել են համատեղ աշխատանքների շուրջ։
«Շարունակելու ենք ամրապնդել համագործակցությունը հարևան երկրների հետ՝ հանուն մեր տարածաշրջանի անվտանգության և խաղաղության, ինչպես նաև վճռականորեն շարունակելու ենք պայքարը անդրսահմանային հանցագործությունների դեմ»,- նշել է նա։
Հանդիպմանը մասնակցել են նաև Իրանի՝ Անկարայում դեսպան Մոհամմադ Հասան Հաբիբոլլահզադեն և երկու երկրների պատվիրակությունների անդամները։



