Իմ գնահատմամբ՝ Հայաստանի և ԵԱՏՄ գործընկերների հարաբերությունները գնալով ավելի վատթարանում են, ինչը կանխատեսելի էր։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը։

Նաս, մասնավորապես, նշեց.  «Մենք այդ մարդկանց պարբերաբար ասում էինք՝ գտեք ճանապարհ, այսօր դուք եք պատասխանատուն, որ մեր գյուղացիները կարողանան իրենց մթերքն արտահանել կամ հետագայում ավելի ծանր տնտեսական հետևանքներից խուսափել։ Ինչ-որ մի քայլ անելուց առաջ մտածեք, թե դրա հետադարձ հետևանքն ինչպիսին կլինի, կամ դրա արդյունքում ինչ կշահես, ինչ կտուժես։ Եթե որոշել են դիմել Եվրասիական դատարան, դա ավելի վատ տեղ է տանելու, որովհետև ակնհայտ է դառնում, որ հարաբերությունները ոչ թե գնում են հանգուցլուծման, այլ գնում են փակուղի։ Դրանից ոչ մի լավ հոտ չի գալիս։ Գևորգ Պապոյանը կտրվել է գետնից։ Եթե իրենք գնում են դատարան դիմելու տարբերակով, դա ցույց է տալիս, որ նոր տնտեսական վատ իրավիճակի մեջ ենք հայտնվելու։ Առողջ տրամաբանությունը հուշում է, որ եթե լիներ բաղձալի արդյունք, այսօր իրենք այդ քայլի չէին գնա, ճարահատյալ ձեռքերը գցում են փրփուրներին: Դրա գինը վճարողը մեր քաղաքացին է, դրա գինը վճարողը չինովնիկը չէ»:
 

Պատգամավորը հարց հնչեցրեց, որ եթե Ռուսաստանի կողմից սպառնալիքները կյանքի կոչվեն, այդ տնտեսական հարվածին մեր պետությունը պատրա՞ստ է, ինչպե՞ս է արտահայտվելու դա մեր բյուջեի կամ սոցիալական պայմանների վրա: «Փոխանակ իրենք մտածեին ինչ՝ քայլեր անել, ասում էին՝ մենք գիտենք՝ այդ զեկույցը որտեղ է գրվել, մենք գիտենք, որ դա Հայաստանում է գրվել, ու ինչ–որ այսպես հիմար մտքեր այդ զեկույցի հետ կապված։

ԵԱՏՄ չորս պետություններ զեկույց են պատրաստել, ու դու այդ մարդկանց սկսում ես ծաղրել, որ դուք չեք գրել, Հայաստանից ինչ-որ մեկը գրել, ձեր ձեռքը տվել է, դրանից հետո պատասխան տալու ժամանակն է գալիս։

Փոխանակ զեկույցին սթափ գնահատական տալու՝ սկսեցին զեկույցը ծաղրել, զեկույցի հետևանքները ծաղրել, գրողներին ծաղրել, ինչ-որ պիտակավորում կպցնել, այսօր եկաք, նոր իրավիճակի հանդիպեցիք։ Դե պատասխան տվեք»,-նշեց նա: